ՀԱՐՑ. Ապրում եմ բարեկամիս տանը, բնակարան եւ սեփականություն չունենք: Խնամքիս տակ ունեմ 2 երեխա` մեկը դպրոցական, մյուսը 2-րդ կուրսի ուսանող: Չեմ աշխատում: Խնդրում եմ` ասեք` օգնություն, նպաստ կամ որեւէ այլ աջակցության ստանալու իրավունք ունե՞մ:
Ժամկոչյան Օֆելյա (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն` եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար:
Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը կյանքի` անհետաձգելի լուծում պահանջող դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում: Այն նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):
Խորհուրդ է տրվում հաշվառման համար դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով ճշգրիտ եւ ամբողջական փաստաթղթեր, որից հետո ձեռք բերած անապահովության գնահատման միավորով կորոշվի Ձեր ընտանիքին ընտանեկան նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն կամ այլ օգնություն հատկացնելու իրավունքը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կառավարության 25.01.2018թ.-ի N 61-Ն որոշմամբ` 2018 թվականին ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: