Պաշտոնաթող նախարարները ու արած-չարած գործերը. ով ինչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում ԲՀԿ եւ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարարներն ու մարզպետները երեկ աշխատանքի էին գնացել իրերը հավաքելու եւ աշխատակիցներին հրաժեշտ տալու համար: Նրանց մեծ մասը երեկ շատ տխուր էին ձեռնարկած ծրագրերը կիսատ թողնելու համար:

Նախ նշենք, որ աշխատանքից ազատվեցին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Լեւոն Ֆահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նրանց պաշտոնավարման ընթացքում իրականացրած, չիրականացրած եւ կիսատ թողած գործերը: Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արդեն նախկին նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 12-ից մինչ երեկ բավականին ծրագրեր է իրականացրել: Այսպես, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 2-րդ տրանշում մայիսի 15-ից մինչեւ օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածում կառուցվել է 6.5 կմ երկարությամբ բետոնե պատվածք, արժեքը 3.2 մլրդ դրամ է, ինչը կազմում է 2018 թվականի պլանով նախատեսված աշխատանքերի 29 տոկոսը: Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման ճանապարհին ամբողջությամբ ավարտվել է հողերի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները: Իսկ մինչեւ սեպտեմբերի 15-ը ավարտվել է 38.45 կմ ճանապարհի շինարարությունը, որն արժեցել է 3.1 մլրդ դրամ` կազմելով 2018-ի պլանով նախատեսված աշխատանքերի մոտ 20 տոկոսը:

Ի դեպ, այս ընթացքում կարծիք է տարածվել այն մասին, որ Հակոբյանի` ՏԿՏՏ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հանրապետությունում ճանապարհները ոչ թե «կարկատվում են», այլ ամբողջովին նորոգվում` չնայած տաքսիների վարորդները շարունակում են «չստիկով, թրաշով» աշխատել: Այս ոլորտը այդպես էլ չկարգավորվեց: Նաեւ բաց է մնացել մարզերում, գյուղերում հասարակական տրանսպորտի խնդիրը: Բայց մյուս կողմից Հակոբյանի թիմը տրանսպորտի բնագավառում 3 օրենսդրական նախաձեռնությունների փաթեթներ է կազմել եւ ուղարկել շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը: Նախատեսում էր բարելավել տաքսոմատորային ծառայությունների բնագավառում վիճակը, տեխնիկական զննության համակարգը եւ կանոնակարգել ավտոմեքենաների մեջ գազաբալոնային համակարգի տեղադրման ոլորտը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւս Հակոբյանը հասցրել է ձեռքբերումներ գրանցել, օրինակ` կառավարությանն է ներկայացվել ՏՏ ոլորտում նորընտիր ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Արթուր Խաչատրյանը ափսոսում է, որ չի կարողանա ձեռնարկած գործերը ավարտին հասցնել: Նշենք, որ արդեն նախկին նախարարը ծրագիր էր մշակել հողօգտագործողներին ոռոգման կաթիլային ցանցով ապահովելու մասին: Բացի այս, Խաչատրյանը ծրագիր էր ներկայացրել տոհմային կենդանիների ներկրումը խրախուսելու համար: Նրա պնդմամբ` ՀՀ-ում տոհմային կազմը բավականին բարեփոխման կարիք ունի, իսկ կովի միջին տարեկան կաթնատվությունը ցածր է: Նա առաջարկում էր թարմացնել հոտի կազմը կապիտալի սուբսիդավորման մեխանիզմի միջոցով: Ի դեպ, Խաչատրյանի` գյուղնախարարի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում կանխվել է վատ որակի սպիրտի ներմուծումը, քանի որ սպիրտ ներկրողը ավելի բարվոք վիճակում էր գտնվում, քան տեղական արտադրողը: Նաեւ կոնյակի նվազագույն գներն են ֆիքսվել: Խաչատրյանի նախարարության ամիսները նաեւ ուղեկցվեցին գյուղմթերքի թանկացումներով (սկզբում ձմերուկը բարձր գնով վաճառվեց, ապա լոլիկը, սմբուկը, նեկտարինը եւ այլն), չնայած, չմոռանանք` բանանը էժանացավ` 900-ից դառնալով 500-550 դրամ:

Հրաչյա Ռոստոմյանի` արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրը հանրության կողմից այդքան էլ մեծ ոգեւորությամբ չընդունվեց: Ի դեպ, նրա ծրագրերից մեկն էլ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության ներտնային գազի սպասարկման գործառույթները պետականացնելն էր, որը դեռ մշակման, քննարկման փուլում է գտնվում: Հավանաբար նրա հրաժարականի մասին լուրը առաջինը կուրախացնի «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատողներին: Բայց չուրանանք` նա իր պաշտոնավարման ամիսներին թարմացրել է փրկարար ծառայության համազգեստների բազան, վերանորոգման աշխատանքներ սկսել հանրապետության բոլոր փրկարար ջոկատներում: Ապա ստուգումներ են իրականացվել ե՛ւ Երեւանի, ե՛ւ մարզային գազալցակայաններում, հայտնաբերվել են խախտումներ, ժամանակ տրվել թերությունները շտկելու համար: Ավելին` ստուգվել են նաեւ համալսարանները, բուժհաստատությունները, որոնց դարձյալ տրվել է ժամանակ թերությունները շտկելու համար:

Արծվիկ Մինասյանի համար վերջին մի քանի տարիները «կայուն» չէին. նա 2016 թվականին նշանակվեց տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զարգացման նախարար, ապա` բնապահպանության, հետո` դարձյալ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար: Բայց ըստ նրա` 2018թ-ի առաջին 7 ամիսների տնտեսական աճն ամենաբարձրն է եղել վերջին տարիների ընթացքում` 8.3 տոկոս: Ի դեպ, Արծվիկ Մինասյանի պաշտոնավարման շրջանում, նախորդ ժամանակահատվածի համեմատ, մեծաքանակ քաղաքացիներ եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել նախարարություն, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը, հետաքրքրվել են Հայաստանի ներդրումային միջավայրով: Մինասյանը աշխատանքներ է տարել նաեւ շաքարի շուկայում երկրորդ ձեռնարկությունը ունենալու ուղղությամբ:

Ոչ պակաս ձեռքբերում է ունեցել նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, ում պաշտոնավարման ընթացքում 27 մետաղական հանքավայրերից 10-ը եւ ոչ մետաղական 146 հանքավայր զգուշացվել են: Եւ հանքերի պատասխանատուները պետք է 3 ամսում վերացնեն բոլոր թերությունները, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիայից: Գրիգորյանը խոստանում էր, որ այս գործընթացը շարունակական է լինելու: Հիմա այն կասկածի տակ է: Եւ ամենակարեւորը՝ էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով ընտանիքների համար հուլիսի 1-ից բանակցությունների հետեւանքով նվազել է, որի համար վճարել են 10 դրամով ավելի քիչ, իսկ գազի համար` 20 դրամով պակաս:

Մյուս նախարարի պաշտոնին հրաժեշտ տվածը` Լեւոն Ֆահրադյանը, որը զբաղեցնում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում ընդունել է 42 քաղաքացու եւ 114 հրաման:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս