Օրերս խորհրդարանական 3 ուժերի` ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության 67 պատգամավորներ կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում աղմկահարույց փոփոխությունների նախագծին, որով մտադրություն կար կասեցնել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով սպասվելիք գործողությունները:
Դրանից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց ԲՀԿ եւ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարարներին ու մարզպետներին պաշտոնանկ անելու մասին: Սակայն երեկ քաղաքական դաշտում իրար հաջորդեցին միանգամայն անսպասելի իրադարձություններ. ՀՀԿ խմբակցությունը փլուզվում է, եւ մի շարք պատգամավորներ սկսել են կողմ արտահայտվել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նրանք ստորագրել են համատեղ հուշագիր, որտեղ պարտավորվել են դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, նաեւ ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է աջակցել հեղափոխությանը` պարտավորվելով որեւէ կերպ չմասնակցել հակահեղափոխական գործողություններին: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ էլ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ու նրանց միջեւ եւս կարծես թե համաձայնություն է կայանում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ։
-Պարո՛ն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ միշտ վերջինիս կողքին է լինելու, այնինչ ԲՀԿ-ն ընդամենը օրեր առաջ միանգամայն այլ դիրքորոշում էր ցուցաբերում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները իրենց քայլերը նախօրոք չէին համաձայնացրել իրենց ղեկավարի հետ։
-Դա բավականին լուրջ քվեարկություն էր։ Խիստ կասկածում եմ, որ պատգամավորները կարող էին պարոն Ծառուկյանին տեղյակ պահած չլինեին` առավել եւս որ քվեարկության օրը Աժ-ի դեմ բավականին բուռն զարգացումներ էին տեղի ունենում։ Տեղի ունեցավ այն, որ եթե ԲՀԿ-ն միամտաբար մտածում էր, թե իր խռոված կեցվածքով կարող է «սթափեցնել» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ` հասկացավ, որ սա այդ դեպքը չէ, եւ բնականաբար ետ քայլ արեցին։ Հասկացավ, որ կորցնում է հեղինակության վերջին փշրանքները։ Հասկանալով, որ հանրային կարծիքի դաշտում բացարձակապես տանուլ է տալիս ու ոչնչացնում ամեն հնարավոր բան, որ ստեղծվել է տարիների ընթացքում, այժմ Գագիկ Ծառուկյանը բավականին բաց խաղի կանոնների դաշտում հարկադրված եղավ ստորագրել այդ հուշագիրը։
–Ինչքանո՞վ է վստահելի այդ հուշագրի ստորագրումը:
-Հայաստանյան քաղաքական ուժերը կանխատեսելիության տեսանկյունից լրջագույն խնդիր են ունեցել։ Նրանց վարքագիծը շատ հազվադեպ է քաղաքական եղել եւ այն կարող է իրադրության փոփոխության դեպքում փոխվել, բայց, համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանի տված հարզազրույցում տղայական հարթության վրա ստանձնած պարտավորությունները թերեւս 99%-ով վստահելի են։ Նրանք հասկացան հակառակ քայլի դիմաց վճարվելիք ծանր գինը, եւ չեմ կարծում, որ այս մեկ ամսվա ընթացքում այնպիսի բան լինի, որ նրանք կարողանան խուսափել իրենց տված խոստումից ու գործել այլ դաշտում։
-ՀՀԿ մի քանի պատգամավորներ հայտարարեցին, որ կանգնում են Փաշինյանի կողքին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Միգուցե կան այնպիսի հատվածներ, որոնք ամբողջությամբ տեսանելի չեն մեզ։ Ինչ-որ դեպքերում գուցե կա պատասխանատվության կանչվելու վախը։ Բոլոր դեպքերում, սա ճեղքում էր ՀՀԿ-ի համար, որովհետեւ կուսակցության գիծը ներկայացնող պատգամավորների տեսակետը խիստ հակասության մեջ է այդ խմբակցության տարբեր անդամների արած հայտարարությունների պատճառով։ Այսինքն` ՀՀԿ-ի ներսում փլուզում է։ Եթե իրադարձությունները նման տրամաբանությամբ գնան, ապա ուրվագծվում է` ՀՀԿ-ն չի առաջադրի որեւէ թեկնածու։
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ մոտ օրերս «Դաշնակցությունը» եւս հուշագիր կստորագրի։
-Կարծում եմ` այո։ Փաշինյանի եւ «Դաշնակցության» միջեւ եւս հանդիպում կլինի։ Կարծեք թե Դաշնակցությունը ուրիշ` ավելի լավ տարբերակ չունի, քան միանալ ԲՀԿ-ի դրսեւորած վարքագծին եւ ստորագրել նույնպիսի հուշագիր։
-Ըստ Ձեզ` մինչեւ օրինագծին կողմ քվեարկելը քաղաքական ուժերը այսպիսի սցենար չէի՞ն կանխատեսել։
-Ինձ թվում է` կապը իրականության հետ իսկապես կտրվել է։ Ենթադրում եմ` չէին տեսնում եւ կարծում էին, որ այդ քայլով Նիկոլ Փաշինյանին կստիպեն նահանջել։ Բայց մենք ոչ թե նահանջ տեսանք, այլ մարտարվեստի տերմինեերով ասած` հարձակում։ Եվ այս հարձակումը հենց ժողովրդի կողմից էր։
-Նոր ձեւավորվող խորհրդարանում տեսնո՞ւմ եք ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցությունը Փաշինյանի իշխանության, ՔՊ-ի հետ:
-Ինձ դուր է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ստվերային պայմանավորվածության մեջ չի մտնում։ Միգուցե այդ երկու ուժերը միամիտ համոզմունքներ ունեին, որ Նիկոլ Փաշինյանը նրանց խորհրդարան անցնելու հավաստիքներ կտա, բայց վարչապետը համառորեն նման բան չի անում։ Այս պահին այդ մասին խոսելը անիմաստ է։ Թերեւս Նիկոլ Փաշինյանը նման տարբերակ կարող է դիտարկել միայն այն դեպքում, երբ զգա, որ միայնակ չի կարողանում իշխանություն ձեւավորել։
Լուսինե Մինասյան