Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակի և հիվանդության թոշակի գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ 22 տարվա աշխատանքային ստաժ, ստանում եմ հիվանդության թոշակ: Սեպտեմբերի 3-ին լրացել է 63 տարեկանս: Ուզում եմ իմանալ` բացի հիվանդության թոշակի գումարից, ես ինչպե՞ս կարող եմ անցնել կենսաթոշակի, ինչպե՞ս է հաշվարկվելու իմ կենսաթոշակի եւ հիվանդության թոշակի գումարը: Խնդրում եմ մանրամասն եւ ստույգ պատասխանել, թե կոնկրետ ինչքան է կազմելու իմ թոշակը: Ներկայացրեք, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ կենսաթոշակի անցնելու համար: Հունվարի 1-ից թոշակի 60 տոկոս բարձրացումը կազդի՞ իմ կենսաթոշակի գումարի վրա:

Գոհար Թովմասյան (63 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ: Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը uահմանում է ՀՀ կառավարությունը: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջին տասը տարվա համար սահմանվել է 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 500 դրամ: Հաշմանդամության կենսաթոշակը եւս հաշվարկվում է վերը նշված կարգով եւ, Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Ելնելով վերոգրյալից` Գ. Թովմասյանին միաժամանակ չի կարող վճարվել ե՛ւ տարիքային աշխատանքային կենսաթոշակ, ե՛ւ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ: Կենսաթոշակառուն իրավունք ունի ստանալու միայն մեկ կենսաթոշակ իր ընտրությամբ:

Գ. Թովմասյանը 20 տարի, 8 ամիս, 17 օրվա (21 տարվա) ստաժով ստանում է 2-րդ խմբի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, որի չափը կազմում է 34.185 դրամ: Կենսաթոշակի տեսակը տարիքային աշխատանքային կենսաթոշակի փոխելու դեպքում նրա կենսաթոշակի չափը կկազմի 30985 դրամ: Միաժամանակ հայտնում եմ, որ կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով նախատեսվում է 2019թ. հունվարի 1-ից բարձրացնել այն կենսաթոշակների չափերը, որոնք ցածր են 25 500 դրամից:
Ըստ այդմ, եթե Ձեր հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը ցածր է 25.500 դրամից, 2019թ. հունվարի 1-ից այն կդառնա 25.500 դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1491-Ն որոշմամբ` 2015թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16.000 դրամ:




Լրահոս