Ընտրական օրենսգիրքը կա, բայց ժամանակ չի մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Ընտրական օրենսգիրքը հոկտեմբերի 5-ից հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջիկայում նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Սակայն հետաքրքիրն այն է, որ մինչ խորհրդարանում քննարկումների մեկնարկը փաթեթն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Չնայած դրան` արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն դեպքում կանցկացվեն դեկտեմբերին, այնինչ ընդունված նորմ է, որ նման պարագայում ընտրությունները պետք է անցկացվեն նվազագույնը վեց ամիս անց: Սա արվում է, որպեսզի քաղաքական ուժերը հասցնեն հարմարվել փոփոխություններին: Սա նաեւ անհրաժեշտ է հենց այս իրավիճակում, երբ Ընտրական օրենսգրքում լրջագույն փոփոխություններ են կատարվել:

Ընդ որում, իշխանության ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել են, որպեսզի որքան հնարավոր է արագ ուղարկեն իրենց փորձագիտական կարծիքը նախագիծն ամբողջացնելու եւ ԸՕ-ն մինչեւ այս ամիս ընդունելու նպատակով: Մասնավորապես նախատեսվում է այն ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, եւ փորձագիտական պատասխանն էլ պետք է մինչ այդ լինի: Եվ եթե ընդունվի, ապա դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կլինեն նոր օրենսգրքով, եթե ոչ, ապա` ոչ:

Իսկ ի՞նչ էական փոփոխություններ են կատարվելու նոր Ընտրական օրենսգրքում: Նախ նոր փոփոխություններով նախատեսվում է, որ Ազգային ժողովի ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական համակարգով, այնինչ այժմ գործող ընտրական օրենսգրքում գործում է ռեյտինգային համակարգ: Նման փոփոխությունների գնալու դրույթն ամրագրած է նաեւ կառավարության ծրագրում, որ հաստատվել է ԱԺ կողմից: Մյուս կարեւոր փոփոխությունն այն է, որ Ազգային ժողով անցնելու շեմն է իջեցվել: Մասնավորապես, կուսակցությունների համար անցողիկ է լինելու 4, իսկ դաշինքների համար` 6 տոկոսը: Եվս մեկ հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել. այժմ գործող ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ խորհրդարանում պետք է լինի նվազագույնը 3 ուժ, իսկ ահա փոփոխություններով, անկախ անցողիկ շեմից, պետք է նվազագույնը 4 ուժ լինի խորհրդարանում: Այլ կերպ ասած` սահմանվում է, որ առնվազն 4 քաղաքական ուժից է ձեւավորվելու հաջորդ խորհրդարանը:

Բացի բուն Ընտրական օրենսգրքից փոփոխություններ են կատարվել նաեւ հարակից օրենքներում, որոնք հնարավորություն են տալիս օրինականություն ապահովել: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել քրեական դատավարության եւ վարչական իրավախախտումների մասին օրենքներում, որոնք նախատեսում են ավելի խիստ պատիժներ ընտրակեղծիքների համար։ Օրինակ, նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար եւ, մասնավորապես, ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա` նախկին 5-ի փոխարեն:

Ընտրական օրենսգրքով ամրագրված է նաեւ, որ ուժերի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ ուժի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը: Ազգային փոքրամասնությունների դրույթը պահպանվել է եւ, ըստ այդմ, ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նրանց ներկայացվածության չափանիշն էլ հաշվարկվելու է յուրաքանչյուր 19 մանդատի համար 1 ազգային փոքրամասնություն սկզբունքով:

Նաեւ նախատեսվում է միջոցներ ձեռնարկել ընտրողների ցուցակների կազմումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մասնավորապես սահմանափակվելու է վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին: Նաեւ, ի լրումն ստորագրված ցուցակների, որպես կրկնակի ստուգման միջոց, առցանց հրապարակել տեխնիկական սարքավորումների միջոցով գրանցած մասնակիցների ցանկը՝ առանց ընտրողների անձնագրային տվյալների որոնման հնարավորությամբ:

Ընդ որում, օրենսգրքում կան նաեւ այնպիսի փոփոխություններ, որոնք ժամանակային առումով պարզապես անհնար է լինելու իրականացնել: Մասնավորապես, ամրագրված է, որ ընտրողների մատնահետքերը պարզապես սքանավորելու փոխարեն իրականացնել ընտրողների կենսաչափական նույնականացում՝ բոլոր ընտրողներին տրամադրելով նույնականացման քարտեր, ստեղծելով մատնահետքերի միասնական շտեմարան եւ համաժամանակյա կապ ստեղծելով բոլոր տեխնիկական գրանցման սարքերի միջեւ:

Համաձայնեք, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում այդ ամենն անհնար է լինելու իրականացնել: Բայց եւ մեծ հաշվով արդեն կարեւոր չէ, թե Ընտրական ինչ օրենսգրքով են անցկացվելու առաջիկա ԱԺ ընտրությունները, կարեւորն իշխանությունների մոտ քաղաքական կամքի առկայությունն է: Իսկ քաղաքական կամք, ինչպես ցույց տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները, իսկապես առկա է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս