ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը՝ «Ազնավուր» կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում այսօր մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը:

Մեծանուն շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրել են «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նշվել է, որ կենտրոնում կգործի ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ուղուն, ինչպես նաև կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։

Երկու նախագահները՝ տիկնանց և հիմնադրամի ղեկավարների հետ շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, որն իր դռները կբացի շենքի ամբողջական վերակառուցումից հետո:

Այնուհետև նախագահներ Արմեն Սարգսյանը և էմանուել Մակրոնը հանդես են եկել ելույթներով: Իր խոսքում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր, 100 տոկոսով՝ հայ, և 100 տոկոսով աշխարհինն էր՝ աշխարհի քաղաքացի:

Սիրելի՛ Նիկոլա,

Իմ, տիկնոջս, ընտանիքիս և ողջ հայ ժողովրդի անունից կրկին խորին ցավակցություն եմ հայտնում այս մեծ կորստի համար: Քո հայրը՝ մեծ պոետը, ժամանակին փիլիսոփայորեն ասել է, որ կյանքը շատ պարզ է. կա ծնունդ և կա մահ, ու դրանց միջև կյանքն է:

Սակայն թույլ տվեք ասել, որ Ազնավուրի նման մեծ պոետի, երաժշտի, արտիստի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո: Նրա երկրորդ կյանքն սկսվեց մի քանի օր առաջ:

Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ մեծ հյուրընկալությամբ կազմակերպվել էր քո հոր հիշատակի գեղեցիկ արարողությունը: Դա մեծ ազնվության, հպարտության ու մարդասիրության արարողություն էր: Հենց այդպիսին էր քո հայրը:

Եւս մեկ անգամ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այն ամենի համար, ինչ արեցիք Դուք, Ձեր տիկինը և Ֆրանսիայի ժողովուրդը՝ ցույց տալով Ազնավուրի հանդեպ մեծ սերն ու գնահատանքը:

Իսկապես, նրա երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն: Նրա երկրորդ կյանքը հավերժ է լինելու:

Մենք այսօր պատմական պահ ենք ապրում՝ նայելով ապագայի «Ազնավուր» կենտրոնին, Նիկոլայի ապագա տանը, Ֆրանսիայի ապագա տանը: Վստահ եմ, որ այս տունը կդառնա հիանալի կենտրոն՝ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս ֆրանսերեն խոսքը, ֆրանսիական մշակույթը տարածելու համար»:

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահին առաջարկել է մեկտեղել ջանքերը և Ֆրանսիայում ու Հայաստանում բարեգործական համերգներ կազմակերպել ի հիշատակ Ազնավուրի: Նախագահը պատրաստակամություն է հայտնել անել հնարավորինս՝ այդ գաղափարն իրականություն դարձնելու համար՝ նշելով, որ հանգանակված գումարը կծառայի «Ազնավուր» հիմնադրամի նպատակներին:




Լրահոս