Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման, Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին Մակրոնն ու Ազնավուրը պետք է հանդիպեին Երևանում, հենց այդ կեցավայրում:
«Այսօր մենք պետք է հենց այստեղ հանդիպեինք: Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը: Այդ մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Նա ցանկանում էր, որ դա լինի այս երկրում, այս լեզվով, այստեղ, իր ընտանիքի հետ: Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել: Իր սովորության համաձայն՝ ոչինչ չէր թողել պատահականությանը: Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լիներ: Իր սովորության համաձայն՝ նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, որ կցանկանայի միասին մի փոքր երգել: Նախորդ շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում, նրան շնորհակալություն հայտնեցինք: Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան տված խոստմանը: Պետք է շարունակել նրա պայքարը, որը նա երբեք տանուլ չէր տալիս»,- ասաց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Ազնավուրի պայքարը նախ և առաջ Հայաստանի համար էր, որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ՝ դիմակայելու համար պատմության վերքերին և հիշեր, թե ով է ինքը՝ ոգի, որն առաջ է գնում, հազարամյա խոսքից ծնված մի ժողովուրդ, սփռված մի ձայն, հաճախ փշրված, սակայն երբեք լռության չմատնված:
Մակրոնն իր խոսքում հիշեց նաև Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը՝ առանձնացնելով Ազնավուրի դերը երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրման գործում:
Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Այսօր «Ազնավուր» հիմնադրամը Նիկոլայի և Քրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այդ հանձնառությունը Հայաստանի զավակների համար: Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջն է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան և որպեսզի նրա երիտասարդությունը կարողանա իրականացնել իր երազանքները խաղաղ միջավայրում»,- ընդգծեց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կմնա Հայաստանի պատմության մեջ և նա ցանկանում է վերադառնալ Հայաստան, որպեսզի շարունակի տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացումը:
«Սփյուռքի կողքին կշարունակենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Այդ պայքարը Ֆրանսիայի պայքարն է, այն երբեք չի ավարտվի, որովհետև հիշել ցեղասպանությունների մասին, նայել նրանց դեմքին՝ դատապարտելով դրանց դժոխականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչև առաջիկա ապրիլի 24-ը: Ֆրանսիայում այս օրը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը շեշտեց, որ Հայաստանում շուրջ 43 հազար երիտասարդ խոսում է ֆրանսերեն, ինչը Հայաստանի երիտասարդության համար կարելի է վերածել հաղթաթղթի: Էմանուել Մակրոնն ընգծեց, որ հիմա պետք է բոլորը լծվեն այն գործին, որ Երևանի «Ազնավուր» կենտրոնը վերածվի ֆրանսերեն լեզվի ազդեցության, հեղինակության և մշակույթի կենտրոնի: