Նախկին քաղաքապետերը կմասնակցե՞ն Հայկ Մարությանի երդմնակալությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` հոկտեմբերի 13-ին, Երեւանի ավագանու հատուկ նիստում տեղի կունենա Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածում ամրագրված է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում, որի ժամանակ նաեւ բնակիչներին երդում է տալիս:

Հայկ Մարությանն իրավունքի ուժով քաղաքապետ դարձավ հոկտեմբերի 10-ին. «Իմ քայլը» դաշինքը, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում էր Մարությանը, բացարձակ առաջատարն էր` հավաքեց 81 տոկոս քվե: Իսկ օրենսդրությունը նախատեսում է` 50 տոկոսից ավելի քվե հավաքելու դեպքում քաղաքապետ դառնում են ոչ թե ավագանիների քվեարկությամբ, այլ իրավունքի ուժով:

Եվ ահա վաղը` 12:00-ին, տեղի կունենա նրա երդման արարողությունը: Ավանդաբար քաղաքապետերի երդման արարողությունն անցկացվում է նույն կարգով, որին հրավիրվում են բազմաթիվ հյուրեր` նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Իհարկե, այս դեպքում եւս կարգը կարող է նույնը մնալ, բայց փոխվել են դերակատարները:

Տարոն Մարգարյանի` 2017 թվականին տեղի ունեցած երդմնակալության արարողությունը բավականին ներկայացուցչական էր, որին նաեւ մասնակցել են մեծ թվով նախկին քաղաքապետեր` այդ թվում Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Երվանդ Զախարյանը: Եվ հիմա իրավիճակը բոլորովին այլ է, եւ չի բացառվում, որ արարողությունը այնքան էլ ներկայացուցչական չլինի: Մասնավորապես, նախորդ տարի երդման արարողությանը ներկա էր ՀՀԿ խմբակցությունն ամբողջ թիմով, նախկին եւ ներկա նախարարներ, դե իհարկե, բոլորն էլ hանրապետականներ:

Այս արարողության ժամանակ բոլորովին այլ կլինի, եւ թերեւս հրավիրյալների մեծ մասը կլինեն ՔՊ-ականներ կամ նրանց տեսակետը կիսող ուժերի ներկայացուցիչներ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հրավերներ բոլորին ուղարկվել են, այդ թվում` նախկին քաղաքապետերին, պատգամավորներին, եւ հետաքրքիր է` նրանցից ով կընդունի հրավերը եւ ով` ոչ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս