Ինչու հարկային եկամուտները չեն աճում, այն էլ` սրընթաց կերպով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թավշյա հեղափոխությունից հետո ջանասիրաբար պայքարում է կոռուպցիայի եւ ստվերի դեմ, բայց այս ընթացքում հարկային եկամուտները պակասում են:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների փաստաթղթի համաձայն` ապրիլին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 151 մլրդ 797 մլն դրամ, մայիսին`126 մլրդ 418 մլն դրամ, հունիսին` 150 մլրդ 774 մլն դրամ, հուլիսին`136 մլրդ 56 մլն դրամ, իսկ ահա օգոստոսին` 137 մլրդ 361 մլն դրամ:

Այստեղ հարց է առաջանում` եթե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի եւ ստվերի դեմ, ապա ինչն է պատճառը, որ հարկային եկամուտները չեն աճում, այն էլ` սրընթաց կերպով: Ի վերջո, արդեն հայտնի փաստ է, որ ՀՀԿ իշխանության տարիներին կոռուպցիան ու ստվերը եղել է աներեւակայելի չափերի:

Սակայն տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հորդորեց չանհանգստանալ. «Ապրիլին սովորաբար բարձր է լինում, որովհետեւ այդ ամսում շահութահարկի վերջնական ժամանակն է, կանխավճար են կատարում, հետո ապրիլին վերջնական ճշտում են անում տարեկան կտրվածքով: Եթե նայեք, ապա կնկատեք, որ միշտ ապրիլը առանձնացել է արձանագրած տվյալներով: Հարկային մուտքերի հետ կապված անհանգստանալու խնդիր չկա այսօրվա վիճակով»:

Մյուս կողմից, սակայն, տեսակետ է շրջանառվում, որ «կաշառքը» դարձել է հաշվապահական վճար եւ օրինականացվել: Այսինքն, եթե նախկինում հարկային հավաքագրման գործընթացի ժամանակ հարկային տեսուչն էր գնում հարկատուի հետ «բանակցելու», ապա հիմա նույն տեսուչը վերածվել է հաշվապահի կամ էլ իր հաշվապահն է այդ գործառույթն իրականացնում: Կարճ ասած` եթե նախկինում հարկատուն հարկային տեսուչի գրպանն էր փողը մտցնում, ապա հիմա փաստաթղթային աշխատանքները կատարելու համար հաշվապահն է վարձատրվում: Արդյունքում պետական բյուջե գումար մուտք չի գործում: Եւ այնպես չէ, որ այս երեւույթը նկատվել է նոր Հայաստանում. աշխատելու այս սխեման գործել է նաեւ նախորդ կառավարությունների ժամանակ: Բայց չնայած սրան` նախորդ իշխանությունների ժամանակ թեեւ համակարգը կոռումպացված էր, բայց հարկային մուտքերը ավելի էին, քան հիմա:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը եւս չբացառեց, որ կարող է համակարգում նման աշխատող տարբերակ գործել, բայց միաժամանակ պնդեց, որ իրականում կա կոռուպցիայի դեմ պայքար: «Ես չեմ ասում, որ իդեալական է, բացառված է, որ այդպես լիներ, որովհետեւ ի վերջո նախկին մտածողությունը կա, ամբողջ հարկային համակարգի աշխատողներն էլ 100 տոկոսով չեն փոխվել: Այսինքն` իրենք սովոր են, որ պետք է շարունակեն իրենց հին գործելաոճով»,- նկատեց Խաչատրյանը:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այժմ խոշոր ընկերությունների մոտ, որպեսզի կոռուպցիոն գործարքներ չարձանագրվեն, դրանց փաստաթղթային աշխատանքերով զբաղվում է հարկային պաշտոնյայի հաշվապահը: Վերջինս էլ, հարկատուի հետ գործարքի մեջ մտնելով, այդ աշխատանքը ձեւակերպում է որպես հաշվապահական վճար: Այս դեպքում օգտվում է ե՛ւ հարկատուն, ե՛ւ հարկային տեսուչը, բայց հարկային եկամուտները այդպես էլ չեն աճում: Ասել է թե` այսօր հարկայինի բոլոր պաշտոնյաները ունեն հաշվապահական ընկերություններ: Ավելին, հարկային աշխատողները, հիմնականում սպասարկման բաժինների աշխատողները բոլորը տոտալ հաշվապահներ են. աշխատանքային օրվա առավոտյան 09.00-ից մինչեւ 18.00-ը ՊԵԿ աշխատակից են, իսկ 18.00-ից հետո` հաշվապահ: Հիմա այս սխեման ավելի կատարելագործված է:

«Ինձ եւ քեզ համար կարեւոր չէ, թե ով որտեղ է աշխատում, մեզ համար պետք է կարեւոր լինի` արդյոք հարկերը վճարվում են, թե ոչ: Արդյոք գործարարների մոտ պետական պաշտոնյաները իրենց թույլ են տալիս ոչ պաշտոնապես ձեւակերպել հաշվապահներ, կամ դրանց հաշվապահական գործողությունները վերահսկողները այդ աշխատանքների ընթացքում օրինականությունը պահում են, թե ոչ: Այդ մարդկանց ինչու են ներգրավում այդ աշխատանքերում, որովհետեւ օրենսդրական բացերից տեղյակ են, որոնք օգտագործելով` հարկերը քիչ են վճարում»,- հայտարարեց Խաչատրյանը:

Եւ զարմանալի չէ, քանի որ հաշվապահական ընկերությունների սեփականատերերը նախորդ իշխանությունների ժամանակ բարձր պաշտոն են զբաղեցրել: Նշենք, որ հարկային օրենսդրության մեջ մեծ դեր ու նշանակություն ունի հաշվապահական եւ հարկային հաշվառումը: Եւ բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում: Օրինակ, «Ֆրեդա» ընկերությունը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Հովհաննես Կոյումջյանին, ով վերջերս դուրս եկավ համակարգից: «Արտլար» ընկերությունը, ըստ շրջանառվող լուրերի, առնչություն ունի Արմեն Սաֆարյանի հետ, ով այժմ Արարատյան մաքսատան պետի տեղակալ է: Իսկ ահա ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանի ընտանիքը այս գործում բավականին մեծ ձեռքբերումներ ունի:

«ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի կինը` Լիլիթ Շափաղաթյանը, «Էմ-Էյչ-Փի Քոնսալթինգ» ընկերության հիմնադիրներից է: Ընկերությունը զբաղվում է հաշվապահական հաշվառման, խորհրդատվության, ուսուցման եւ այլ գործունեությամբ: Նախորդ կառավարության օրոք ընկերության հետ համագործակցել են եւ խորհրդատվություն ստացել հիմնականում խոշոր ընկերությունները` խոշոր հարկատուները: Բնականաբար այս «համագործակցությունը» այս պայմաններում էլ է շարունակվում: Արդյոք այս դեպքում հարկային մարմինների գործունեությունն անաչա՞ռ է, հայտնի չէ:

Եւ քանի որ ընկերության սեփականատերը հարկային ոլորտի ծակուծուկերից քաջատեղյակ է ու իրազեկ, այս պատճառով դժվար կլինի սխալներ գտնել այն տնտեսվարողների մոտ, ում հարկային խորհրդատվություն տրվել է հենց Միրումյանի ընտանիքի կազմակերպության կողմից: Բացի այս, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում գործում են հաշվապահական հաշվառման գրասենյակներ` ՀՀԳ: Դրանց 50 տոկոս բաժնետերը Վահագն Համբարձումյանն է, ով Վախթանգ Միրումյանի մտերիմ ընկերն է: ՀՀԳ-ների մի մասի բաժնետերերը եւս պատահական մարդիկ չեն: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Վահագն Համբարձումյանի հաշվապահական հաշվառման գրասենյակների մի մասը գործում է մարզերի հարկային մարմինների շենքերում կամ մոտակայքում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս