Երեկ պարզ դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։
Սակայն այստեղ հետաքրքիրն այն է, որ Արմեն Ավետիսյանը դեռ երկու օր առաջ տուժող էր, բայց այսօր արդեն հայտնվել է մեղադրյալ դառնալու ճանապարհին:
Ավետիսյանը նախկինում Հայաստանի առանցքային պաշտոնյաներից էր: 2009թ. նա հայտնվել էր հանցագործների թիրախում: Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում էր իրականացվել: Այս գործը հասել էր դատարան, եւ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին 15 տարի ժամկետով ազատազրկման: Սակայն Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց, եւ ԱԱԾ-ի իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լեւոն Սարգսյանը, ով լարված հարաբերություններ է ունեցել Արմեն Ավետիսյանի հետ:
Եվ ահա այս գործին ընթացք տալուց օրեր անց հրապարակումներ են լինում արդեն Արմեն Ավետիսյանի մասին, որտեղ նա ոչ թե տուժող է, այլ արդեն մեղադրյալ: Գաղտնիք չի լինի, եթե նշենք, որ Արմեն Ավետիսյանը մշտապես մտերիմ է եղել երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Ընդ որում, Ավետիսյանի կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս եւս պարզ է դառնում, որ նա իր ամբողջ աշխատանքային ուղու համար պարտական է ոչ միայն Քոչարյանին, այլեւ Սերժ Սարգսյանին, քանի որ միշտ աշխատել է նրա հովանու ներքո: Բայց այդպես մինչեւ 2008 թվականը, երբ Սարգսյանը դարձավ նախագահ:
Մասնավորապես, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարն էր, Արմեն Ավետիսյանը 1997-99թթ. աշխատել է որպես նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության` 6-րդ վարչության բաժնի պետ։ Արդեն 1999-2001 թթ. աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության վարչության պետ, 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ։
Եվ չնայած Արմեն Ավետիսյանն իր այս վերջին պաշտոնից ազատվել է Սերժ Սարգսյանի` նախագահ դառնալուց հետո, սակայն դա ամենեւին էլ չի ենթադրում, թե Սերժ Սարգսյանի մտերիմը չէ: Եվ այն, որ նա նույնիսկ իր պաշտոնից զրկվելուց հետո է ունեցել առավելություններ, գալիս են ապացուցելու վերը նշվածը: Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանն այն պաշտոնյաներից էր, ով նաեւ համարվում էր Սերժ Սարգսյանի հիմնական բիզնես գործընկերը, երբ վերջինս պաշտպանության նախարար էր։ Եվ իրականում Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Ավետիսյանին աշխատանքից ազատելը ընդամենը շոու էր ցույց տալու, թե ինքը հրաժարվում է նախկին պաշտոնյաներից:
Սակայն այդ բիզնես գործունեությունը, որը ծավալել է Արմեն Ավետիսյանը, շատ հաճախ եղել է հարկադրաբար: Այդպիսին է եղել նաեւ Ծաղկաձորում «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառուցումը: Սերժ Սարգսյանը պարզապես Ավետիսյանին կանչել է իր մոտ, կոչ է արել, խնդրել, հորդորել, որ պետք է ներդրում անի եւ Ավետիսյանն էլ որոշել է այդ ներդրումն անել Ծաղկաձորում: Այսինքն, «Գոլդեն Փելեսը» նա իրականում կառուցել եւ դրա համար գումարներ է ներդրել չցանկանալով եւ ստիպված: Մամուլի հրապարակումների համաձայն` Սերժ Սարգսյանը շատ մտերիմ էր նաեւ Արմեն Ավետիսյանի որդու` Արտաշես Ավետիսյանի հետ, ում էլ վստահել էր իր բիզնեսներից մեկի` «Ռեդիսոն Բլյու Հոթել» -ի ղեկավարումը: Ավելին` Սերժ Սարգսյանի «դաբրոյով» այդ բիզնեսը նոր ծավալների է հասել, եւ «Հաղթանակ» զբոսայգու հաշվին նոր շքեղ համալիր է կառուցվել: Արտաշես Ավետիսյանը մտերիմ հարաբերություններ ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Իհարկե, Սերժ Սարգսյանի բիզնեսները հիմնականում ղեկավարում էր Արտաշես Ավետիսյանի հայրը, եւ նրա դերակատարումը ձեւական էր: Հայրը այդ ընթացքում ճանապարհ էր հարթում որդու համար:
Սակայն, ամեն դեպքում, Արմեն Ավետիսյանին հարկային համակարգում սիրել են, քանի որ նա իր աշխատողներին միշտ լավ է վերաբերվել, ընդառաջում էր բոլորին, թողնում էր, որ աշխատեին: Նա միշտ այն կարծիքին է եղել, որ հարկայինի աշխատողը պետք է լինի ապահովված:
Ի դեպ, երբ Արմեն Ավետիսյանն արդեն վաղուց հրաժեշտ էր տվել մաքսայինի պետի իր պաշտոնին, շարունակում էր օգտվել այն արտոնություններից, որոնք օրենքով սահմանված են ոչ թե շարքային քաղաքացիների, այլ պատասխանատու պաշտոն զբաղեցնողների համար։ Արմեն Ավետիսյանը շարունակում էր շրջել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին պատկանող պետհամարանիշ ունեցող ավտոմեքենայով։ Նրա թիկնազորն էլ գտնվում էր Պետական եկամուտների կոմիտեի «բալանսում», եւ հենց ՊԵԿ-ն էր վճարում Արմեն Ավետիսյանի «ախրանայի» համար։
Իսկ ինչով է հայտնի Արմեն Ավետիսյանը. ինչպես արդեն նշեցինք, Ազգային անվտանգության ծառայությունն ընթացք է տվել նրա առանձնատան վրա հարձակման դեպքին: Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման դեպքը տեղի է ունեցել 2008-ի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 00.30-ի սահմաններում: Եվ ահա ԱԱԾ հաղորդագրության համաձայն` իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձեւավորված եւ ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:
Սակայն պարզվում է` այս դեպքերից ամիսներ առաջ էլ Արմեն Ավետիսյանի դեմ մահափորձ էր իրականացվել: Մասնավորապես, մարտի 24-ի առավոտյան հզոր պայթյուն էր եղել ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի մուտքի դիմաց: Պայթյունը տեղի էր ունեցել հենց այն պահին, երբ Արմեն Ավետիսյանի ծառայողական մեքենան մոտենալիս է եղել շենքի մուտքին: Այն ժամանակ թեթեւ մարմնական վնասվածքներ էին ստացել նրա վարորդը եւ օգնականը: Ինքը՝ Արմեն Ավետիսյանը, չէր տուժել, որովհետեւ այդ պահին նա արդեն շենքում է եղել: Հանցագործությունն այդպես էլ մնաց չբացահայտված. մեղավորները հայտնի չեն:
Իհարկե, Արմեն Ավետիսյանի, ինչպես նաեւ Լեւոն Սարգսյանի անցյալի մասին կարելի է դեռ երկար խոսել, սակայն այս ամենը ցույց է տալիս, որ նախկին իշխանությունների օրոք այս տեսակի մարդիկ են հովանավորվել:
Նաիրա Հովհաննիսյան