Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ով ով է. Սոնա Շահգելդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրում եմ, որ մարդ մնում է իր էությանը, բնությանը հավատարիմ, սկզբունքային, որ պահում է իր տեսակը: Ես աֆերիստական բաներ չեմ սիրում, քծնել չեմ սիրում՝ կլինի դա շոու-բիզնեսի, թե քաղաքականության ոլորտում»,-Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը:

«Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ով ով է: Բացի այդ՝ նա ունի լավ թիմ, որոնք եւս իրեն կարող են հուշել՝ ինչն ինչոց է: Բայց մյուս կողմից էլ, եթե մարդիկ իրենց սխալը թեկուզ ուշ զգում են, դա էլ է ողջունելի: Գիտե՞ք՝ երբ ժողովուրդն է պահանջողը, այդ ձայնն արդեն անհնար է լռեցնել: Պահանջողները մեկը չեն, հարյուրը չեն, հազարը չեն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց Սոնա Շահգելդյանը՝ անդրադառնալով հանրապետական պատգամավորների՝ կուսակցությունը լքելու եւ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն կողմ հանդես գալու միտումին:

Նա խոստովանեց, որ անչափ համակրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, ի տարբերություն շատերի, ոչ մեդալի, ոչ էլ այլ բանի ակնկալիք չունի. «Դա անշահախնդիր սեր է, ու թող ոչ ոք մտքով չանցկացնի, թե դա քծնանք է: Ուղղակի ես արդարության կողմից եմ եղել միշտ, եւ հիմա հույս ունեմ, որ մեր երկրում վերջապես հաստատվելու է այն»,-շեշտեց երգչուհին:

Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական ծրագրերից: Սոնան պատմեց, որ ունի մի քանի նոր երգ՝ մեկը՝ արտասահմանյան, մյուսը՝ հայկական՝ 6/8 չափի. «Երկրպագուներիս խոստանում եմ, որ շուտով կունենամ նաեւ նոր տեսահոլովակ»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե մի քանի կատակերգություններում հանդես եկած երգչուհին մտադիր չէ՞ արդյոք շարունակել նաեւ դերասանուհու կարիերան, Սոնան պատասխանեց. «Ֆիլմերում հանդես գալու առաջարկներ շատ եմ ստանում, բայց ոչ բոլորն եմ ընդունում: Նախ` ինձ պետք է դուր գա սցենարը, ասելիքը, իմ դերը: Ինչպես ամեն երգ չէ, որ երգում եմ, այնպես էլ ամեն ֆիլմում չէ, որ նկարահանվում եմ»,-եզրափակեց Սոնան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս