Ինչ կապ ունի Արմեն Գևորգյանը Սամվել Մայրապետյանի գործի հետ, և ում պետք է հասներ գումարը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հատկանիշներով: Վերջինիս պաշտպան Կարեն Բատիկյանը ասել էր, որ Մայրապետյանը մեղքը չի ընդունում:

Մայրապետյանին մեղադրանք առաջադրելուց հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ գործարար Սիլվա Համբարձումյանը: Վերջինս հայտնել էր. «Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել: Հարցաքննությունը եղել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել, հարցաքննում: Մարտի 1-ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1-ի գործի հետ: Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»:

Ավելին, Համբարձումյանը նշել էր, թե այժմ գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերն է հավաքում նախաքննական մարմնին ներկայացնելու համար եւ այս գործի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ: Չնայած նրան, որ Սիլվա Համբարձումյանն ասել էր` իրեն եւ Մայրապետյաին հարցաքնել են մարտի 1-ի գործի շրջանակներում, սակայն նրա պաշտպան Կարեն Բատիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ այս քրեական գործը մարտի 1-ի հետ կապ չունի: «Մնացածը չեմ կարող բացահայտել»,- ասաց նա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում իրավապահ մարմինները վերոնշյալ կաշառքի գործով նման վարկածի շուրջ են քննություն իրականացնում, որ գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե գումարը պետք է տրամադրեր Ռոբերտ Քոչարյանին: Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Չեմ կարող բացահայտել նախաքննության որեւէ տեղեկություն, այդ թվում նաեւ անունների հետ կապված, քանի որ դա օրենքի պահանջն է»:

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը 1998-2008 թթ. Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1998-ի ապրիլից` ՀՀ նախագահի օգնական, 2000-ից` առաջին օգնական, 2006-ից` նախագահի աշխատակազմի ղեկավար: Միաժամանակ, 2007-ի հունիսից մինչեւ 2008-ի ապրիլը Գեւորգյանը նաեւ ԱԱԽ քարտուղարն էր: Մշտապես ասվել է, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բոլոր կարեւոր գործարքներն արվել են հենց Գեւորգյանի միջոցով, Գեւորգյանի գիտությամբ: Ասել է թե` նա եղել է գորշ կարդինալներից մեկը:

Քնար Մանուկյան




Լրահոս