Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման գործով Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել վերջինիս որդուն` Գոռ Մկրտումյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին 3 անձինք զինված հարձակվել էին Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: Մկրտումյանին ու որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին` Հովհաննես Ռիժենկոյին: Ավելի ուշ ձերբակալվել էր նաեւ այդ խմբի անդամներից Մայիս Մկրտչյանը, որն էլ ծառայել էր ոստիկանությունում:
Որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել էին Վրաստանում: Գրել էինք, որ Ղեւոնդյանին ՀՀ տեղափոխելուց անմիջապես հետո հարցաքննել են, եւ նա ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կազմակերպիչը ինքը չի եղել, այլ միամգամայն այլ անձ է եղել, եւ այս օրերին իրավապահները փնտրում են հարձակման պատվիրատուին: