Այս տարվա սեպտեմբերի 28-ից Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամներ եւ բնակչության մի ստվար մասը համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականն են պահանջում: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Ժ. Մարտիրոսյանի վերաբերյալ ինքնիրավչության հոդվածով քրեական գործ է քննվում, դատախազի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նշենք, որ Ժ. Մարտիրոսյանը ներկայումս Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բուժվում է: Ու հարցը դեռ վերջնական հանգուցալուծում չի ստացել:
Հոկտեմբերի 15-ի առավոտից էլ մյուս համայնքապետի օրինակով ոգեւորված Ազատամուտի մշակույթի տան դահլիճում բազմաթիվ ազատամուտցիներ պահանջում էին համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Բալասյանի հրաժարականը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարությունից: Նա սկզբից համառում էր: Ժամանեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով ասաց, որ խնդիրը պետք է լուծվի օրինական ճանապարհով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղի տալով ազատամուտցիների համառ պահանջներին` Գ. Բալասյանը մարզպետին դիմում գրեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից իրեն ազատելու մասին: Մարզպետը ըստ օրենքի մեկամսյա ժամկետում պետք է նշանակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Ոսկան Սարգսյան
Տավուշ