Հարց: Ապրում եմ բարեկամիս տանը, բնակարան եւ սեփականություն չունենք: Խնամքիս տակ ունեմ 2 երեխա` մեկը դպրոցական է, մյուսը` 2-րդ կուրսի ուսանող: Չեմ աշխատում: Խնդրում եմ` ասեք` օգնություն, նպաստ կամ որեւէ այլ աջակցություն ստանալու իրավունք ունե՞մ:
Ժամկոչյան Օֆելյա (տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Կառավարության 25.01.2018թ.-ի N 61-Ն որոշմամբ` 2018թ. ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար: Այն նշանակվում է սոցիալական նպաստի չափով երեք ամիս ժամկետով:
Խորհուրդ է տրվում հաշվառման համար դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն` ներկայացնելով ճշգրիտ եւ ամբողջական փաստաթղթեր, որից հետո ձեռք բերած անապահովության գնահատման միավորով կորոշվի Ձեր ընտանիքին ընտանեկան նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն կամ այլ օգնություն հատկացնելու իրավունքը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: