ՔՊ-ԲՀԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջը համախմբված ուժերը, որոնցից ձեւավորվել էր նաեւ ժամանակավոր կառավարություն, չդիմացավ հենց առաջին փորձությանը: Իսկ առաջին փորձաքարը դարձան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ ուժերի միջեւ հակամարտությունը սկսվեց սեւերի ու սպիտակների բաժանումից, ուժերին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կապելուց։

Եթե սկզբում ժամանակավոր կառավարությանը մաս կազմող ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Լույս» դաշինքի ներկայացուցիչները ձգտում էին չեզոք մնալ եւ կոշտ չարձագանքել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի կամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, սակայն նախօրեին կարծես թե չդիմացան ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի նյարդերը, եւ նրանք սկսեցին քննադատել Նիկոլ Փաշինյանին, իր թիմին եւ քաղաքապետի թեկնածուին:
Մասնավորապես, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իրենց կոշտ արձագանքի պատճառը սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից` «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին» բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալն է: Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ուղղակիորեն ձեռնոց նետեց Հայկ Մարությանին. «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երեւանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ»,- հայտարարել էր նա: Երեկ էլ Հայկ Մարությանն արձագանքեց` ասելով, թե բանավեճի կմասնակցի միայն բոլոր մյուս 11 թեկնածուների հետ միասին, այլ ոչ թե առանձին:
Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո սա ԲՀԿ-ականների ամենաընդդիմադիր ելույթն էր: Թերեւս հենց առաջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանին արմատական քննադատության է ենթարկում գործիչ, ով ոչ միայն չի պատկանում հակահեղափոխական ճամբարին, այլ նաեւ Փաշինյանի կառավարությունում հինգ նախարար ունեցող կուսակցության երկրորդ դեմքն է։
Սակայն չի բացառվում, որ իրականում ԲՀԿ-ՔՊ դիմադրությունը նաեւ պայմանավորված լինի: Տեսակետ կա, որ վերջին օրերի ԲՀԿ-ՔՊ մենամարտ սկսելու եւ այսպիսի ընթացք տալու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Ի վերջո, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը երկու կողմերին ցույց է տվել, որ «Լույս» դաշինքն ու այդ դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը բավական ուժեղ է, կարող է ընտրությունների արդյունքներում երկրորդ տեղ զբաղեցնել: Եվ հենց դա է պատճառը, որ երկու ուժերը փորձում են այսպես հասարակության ուշադրությունը սեւեռել հենց իրենց վրա՝ այդպես չեզոքացնելով Արտակ Զեյնալյանին: Ակնհայտ է, որ այժմ իրենց Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր զանգվածը (որքան էլ այն քիչ լինի) Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից հետո հենց իրեն կտան ձայները:
Այլապես, անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է, չնայած այդ հակամարտությանը` ԲՀԿ-ականները շարունակեն մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Իսկ դա արդեն ցուցիչ է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով պայմանավորվածությունների մասին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց. «Չի համապատասխանում իրականությանը, մենք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չունենք»:
Երեկ Նոր Նորքում կայանալիք հանրահավաքին պետք է մասնակցեր նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ականներն օրվա առաջին կեսին պնդում էին, որ Ծառուկյանը հանրահավաքին կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն վերջին պահին չեղարկվել է նրա մասնակցությունը՝ որպես պաշտոնական մեկնաբանություն ներկայացնելով կարեւոր հանդիպումը:
Իսկ ինչպես է ԲՀԿ-ՔՊ պայմանավորվածություններին վերաբերվում հենց «Լույս» դաշինքը, ում դեմ էլ փաստորեն ուղղված է այդ ամենը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց. «Ես այդպիսի տեղեկությունների չեմ տիրապետում, մենք ուղղակի գիտենք մեր գործը, գիշեր-ցերեկ զբաղված ենք մեր քարոզարշավով եւ, բնականաբար, նաեւ տեղյակ ենք այդ փոխհրաձգություններից: Նաեւ մեզ է սեւ անվանվել, երեք օր չպատասխանեցինք, հետո քանի գնաց, մեզ ասում էին՝ բա ձեզ ասում են՝ սեւ եք, ինչո՞ւ չեք պատասխանում, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Արտակ Զեյնալյանին ընտրողը, ամեն դեպքում, չի շեղվելու եւ ընտրելու է նրան», – նշեց նա:
Դիտարկմանը՝ փաստորեն Ձեզ լուրջ մրցակից են համարում, նա նշեց. «Ճիշտ են անում, որ լուրջ մրցակից են համարում, քանի որ «Լույս» դաշինքը ֆավորիտներից մեկն է»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Երեկ փոխվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապրիլի 22-ին Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում «Մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններ է գործադրել: Ուշագրավը, սակայն, Համբարձումյանին ազատ արձակած դատավորի ինքնությունն է: Մնացական Մարտիրոսյան դատավորը հայտնի է որպես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով նախորդ իշխանության պատվերներ կատարող: Նա հանրությանը հայտնի դարձավ, երբ քննեց «Առագաստ» սրճարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը. թիկնապահը մեղադրվում էր ջավախահայ Պողոս Պողոսյանի սպանության մեջ եւ նա ընդամենը պայմանական ազատազրկման դատապարտվեց: Մարտիրոսյանը հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, երբ այդ իրադարձությունների մեջ մեղադրվում էին ընդդիմադիրները: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մնացական Մարտիրոսյանից հետաքրքրվել, թե ով է նրան հրագանգել Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակել, ի պատասխան` դատավորն ասաց. «Դիմե՛ք դատական դեպարտամենտ, հաջողություն»:

 

 

ՀՆԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ Է
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել ՀՀ հաշվեքննիչ պալատի ավտոմեքենաները: Խոսքը չորս ավտոմեքենաների մասին է, որոնցից երեքը 2008 թվականի, իսկ մեկը 2007 թվականի արտադրության են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեք մեքենաները «Տոյոտա Կորոլլա», իսկ մեկը «Տոյոտա Քեմրի» մակնիշի են եւ ենթակա են նորոգման: Դրանցից մեկի գնահատված արժեքը կազմում է 1 մլն 700 հազար դրամ, երկրորդինը`1 մլն 400 հազար դրամ, երրորդինը` 1.5, իսկ չորրոդինը`1.8 մլն դրամ: Ի դեպ, նշված մեքենաների աճուրդը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին: Մի կողմից` հաշվեքննիչ պալատը վաճառում է մեքենաները, իսկ մյուս կողմից` 3 հատ մարդատար նոր ավտոմեքենա գնում: Տեղեկացնենք, որ անցած տարվերջին պալատի կողմից 33 մլն 570 հազար դրամով խորհրդի անդամներին սպասարկելու համար երեք նոր մեքենա ձեռք բերվեցին:

 

 

ՎԱՐՁՈՒ ՏՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ՀՀ-ում օգոստոսին բնակարանների վարձավճարները զգալի բարձրացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` օգոստոսին փաստացի վճարվող վարձավճարը վարձակալի կողմից բարձրացել է 8.8 տոկոսով, ինչը, 5.3 տոկոսով թանկ է հունվարի համեմատ: Ըստ մասնագետների` օգոստոսին գներն աճել են, որովհետեւ ուսանողները բուհ են ընդունվել, բնակարաններ փնտրել:

 

 

ՊԱՏԵՐՈՎ ԿՏԱ
Ավան վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այդ երեխաների ապագան: «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլեւ նրանց պատերով կտանք»,- ասել է նա: Փաշինյանի խոսքերով. «Մեր այո-ն այո է, իսկ ոչ-ը՝ ոչ: Եվ մենք ոչ ենք ասել կոռուպցիային, քծնանքին, թալանին, շողոքորթությանը, կեղծավորությանը, ստին, կեղծիքին: Եվ մենք այո ենք ասել քաղաքացուն, մենք այո ենք ասել այս սերնդին, այս երեխաներին ու նրանց ապագային: Մենք այո ենք ասել մեր սրբազան նահատակներին, եւ մենք նրանց գերեզմանների առաջ կանգնած ենք ասել, որ Հայաստանը լինելու է ազատ, հզոր, երջանիկ: Ազատ, հզոր, երջանիկ»:

 

 

ՄԻԱՅՆ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ
«Իմ քայլ»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, անդրադառնալով նախօրեին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի կողմից բանավեճի հրավերին, նշել է. «Առաջին օրվանից ես ասել եմ, որ պատրաստ եմ բանավիճել, բայց նախապատվություն չեմ տալու որեւէ ուժի: Մենք 12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ: Ես մեծ սիրով կգնամ բանավեճի, բայց բոլոր ընդդիմախոսների հետ: Ինձ համար բոլոր թեկնածուները հավասար են»: Հարցին, թե ինչու է խուսափում հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին, նա արձագանքել է. «Չեմ խուսափում, ժամանակս չի հերիքում: Քանի որ նախընտրական պրոցեսը շատ կարճ է, ընդամենը 12 օր ունենք եւ 12 վարչական շրջան, ամեն օրը նվիրում եմ մեկ վարչական շրջանի»: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերիմները ընդգրկված են, Հ. Մարությանն արձագանքել է. «Ես մինչեւ երեկ չեմ էլ հետաքրքրվել, թե ով ում բարեկամն է, որովհետեւ մենք մարդկանց ընդունում ենք իրենց արարքներով, ոչ թե արյունակցական կապերով: Բայց քանի որ երեկ եղավ այդ հայտարարությունը, տղաներին հանձնարարեցի՝ հասկացեք, թե ինչն է խնդիրը: Այս ամենը լրիվ ապատեղեկատվություն է»,-ասել է թեկնածուն:

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Վարշավայում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափորոշիչների համաժողովի շրջանակներում զուգահեռ լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանը մարդու իրավունքների խախտումների երկար ու անհաջող պատմություն ունի: Քաղաքացիական հասարակության տարածքի շարունակական կրճատումը 2014թ. հանգեցրեց դրա լուրջ փոքրացմանը, երբ Ադրբեջանում տեղակայված մի քանի ազգային եւ միջազգային հասարակական կազմակերպություններ տարբեր մեղադրանքներով քրեական հետապնդման ենթարկվեցին: Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հիմնարար ազատությունների նկատմամբ ակնհայտ արհամարհանք են ցուցադրել, կարծիք է հայտնել Ադրբեջանի Ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:




Լրահոս