Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Ինչպես տեղեկացրի Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերն ընդունելու համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Անն Իդալգոն հաջողություններ է մաղթել գործընկերոջը պատասխանատու աշխատանքում: Փարիզի քաղաքապետը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցության ուղղություններն ընդլայնելու հարցում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի, շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը՝ նկատելով, որ երկկողմ որոշակի ծրագրերի մշակման ու ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար առկա է լայն դաշտ:

Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծմանը և նկատել, որ այն երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակներից է:




Լրահոս