Մասիսը նորից անցավ լեռնային աղբյուրների ջրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ Մասիս քաղաքն ու մի շարք հարակից գյուղեր «մորուց» օգտագործել են տեղի խորքային հորերի արտեզյան ջուրը: Պարզ է, որ դա «էն ջուրը» չէր: Իհարկե, ընդունելի էր (եւ՝ է) ու թույլատրելի՝ առողջապահական տեսակետից, սակայն իր համային հատկանիշներով զիջում էր լեռնային աղբյուրների ջրին: Բայց դե նախկին ջրամատակարարի՝ Հայջրմուղկոյուղու հնարավորությունն էլ երեւի դա էր:

Ինչեւէ, համակարգի նոր օպերատոր Վեոլիա Ջուրն իր գործունեության առաջին իսկ ամիսներից նպատակ դրեց իրավիճակն այստեղ շտկել: Խնդրի լուծման ուղին պարզ էր. մայրաքաղաքում ու հարակից այլ բնակավայրերում խմելու բարձորակ ջուրը պետք էր է՛լ ավելի արդյունավետ օգտագործել, իսկ տնտեսված քանակն ուղղել տվյալ տարածաշրջանի բնակավայրեր: Անելն էր դժվար: Բայց այլ ելք չկար: Ու սկսվեց աշխատանքը:

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ արտեզյան ջրի միակ այլընտրանքը Գառնու ու Արզականի ջուրն է, որ խողովակաշարերով հասնում է տարածաշրջանին հարակից՝ Երեւանի Էրեբունի, Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ: Դրա համար 2017թ. գարնանը շատ կարճ ժամանակամիջոցում այստեղ կատարվեցին համապատասխան ինժեներական աշխատանքներ, ստեղծվեցին տեխնիկական պայմաններ՝ «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարից՝ Գառնու աղբյուրի, իսկ մայրաքաղաքը հարավից շրջանցող ջրատարից՝ Արզականի ջուրը Մասիսի տարածաշրջանի բաշխիչ ցանցին միացնելու համար: Ու նույն գարնանն այստեղ բնակիչներն առաջին անգամ լեռնային աղբյուրի ջրի համն առան:

Հետո եկավ ամառն իր շոգերով, Երեւանում, ինչպես միշտ այդ սեզոնին, ջրի սպառումը հասավ իր «պիկին» ու, կենարար հեղուկի անբավարարությամբ պայմանավորված, այստեղ վերականգնվեց արտեզյան ջրի մատակարարումը: Սակայն սեպտեմբերին Գառնու ու Արզականի ջուրը նորից վերադարձավ Մասիս: Ընթացիկ տարում իրավիճակը կրկնվեց, այն տարբերությամբ, որ առաջընթացն ավելի ակնհայտ էր: Միայն հունիսի 7-ին տեղի բնակիչներին վերսկսվեց մատակարարվել արտեզյան հորերի ջուր: Իսկ սեպտեմբերի 23-ից՝ ընդամենը 3,5 ամիս անցած, տարածքը վերստին անցավ լեռնային ջրին:

Ներկայումս կայուն կերպով Արզականի ջուր են ստանում Գետափնյա, Արբաթ, Նորաբաց, Խաչփառ, Հայանիստ, Դարակերտ գյուղերը, Մասիսի կայարանն ու արդյունաբերական գոտին, ինչպես նաեւ Մասիսի 5-րդ փողոցի 33 և 34 շենքերը: Իսկ Գառնու թավշա ջուրը «Խարբերդ» օրվա կարգավորիչ ջրամբարում իր մեջ առնելով արարատյանից ստացվող ջուրը (ցավոք, սա դեռեւս անխուսափելի է)՝ 60/40 տոկոս հարաբերակցությամբ, հոսում է դեպի Մասիս քաղաք, Այնթափ, Նոր-Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ ու Արևաբույր գյուղեր:

Վեոլիա ջուրը հուսով է, որ 2019թ.-ին էլ ավելի կարճ կլինի արտեզյան ջրի «կյանքը» տարածաշրջանում: Եւ որ համակարգում ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ ի վերջո հնարավոր կլինի հրաժարվել «Արարատյան 1, 2» պոմպակայանի աշխատանքից, այն իսկապես վերածելով պահուստայինի:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս