Հոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
Գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով փոխնախարար Արամ Թանքարյանին նախարարի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար, հույս հայտնեց, որ նա ըմբռնումով կմոտենա կադրային այս փոփոխությանը: Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գիտությունների թեկնածու է, և հույս հայտնեց, որ Հարությունյանը կարևոր ներդրում կունենա իր համակարգման ոլորտում:
Անդրադառնալով ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման հարցին՝ Ֆելիքս Ցոլակյանը ևս մեկ անգամ շեշտեց դրա կարևորությունը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց նաև գերատեսչության կադրային ճիշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես շեշտելով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շրջանավարտների՝ աշխատանքի ընդունման առաջնայնությունը:
– Կարևորում եմ փրկարարների վերապատրաստման հարցը: Թերի պատրաստված փրկարարները կարող են էլ ավելի բարդացնել ծագած արտակարգ իրավիճակը, ուստի՝ հանձնարարում եմ մեծ ուշադրություն դարձնել փրկարարների մասնագիտական պատրաստականությանը, – ասաց Ֆ. Ցոլակյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց գլխավոր քարտուղարին, փոխնախարարներին և առանձին ստորաբաժանումների ղեկավարներին: