ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՉՀԱՍԿԱՑՎԵՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքի, սպասումների եւ մի շարք այլ հարցերի մասին խոսեց Երեւանի ավագանու ընտրություններում «ՀՅԴ» կուսակցության ավագանու ցուցակի 2-րդ համար, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն պարոն Դավիթ Հակոբյանի հետ

-Պարո՛ն Հակոբյան, Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված սպասո՞ւմ էիք նման ընթացքի:
-Մեր կուսակցության հետ կապված սպասումները բնականաբար ավելի մեծ էին: Բայց խոստովանեմ` քարոզարշավի ընթացքում արդեն հասկանալի էր, որ սեւի-սպիտակի, հնի-նորի, նախորդ նախագահների վերադարձի հետ կապված տարբեր ասեկոսեների շարանը, որը կար որոշ լրատվամիջոցներում, կարող է բերել այս վիճակին: Մեր հանրությունը ոչ թե ընտրեց Երեւանի ավագանի, այլ հերթական անգամ իր վստահության քվեն տվեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի ընթացքը:
-Շատ հանգիստ: Մենք մեր քարոզարշավի ժամանակ հանդես ենք եկել խաղաղության, միավորվելու, խոհեմության կոչերով: Չի կարելի սեւացնել, թշնամանքի տանել եւ պատերազմ դարձնել, կյանքի ու մահվան խնդիր դարձնել: Ի վերջո, ընտրություններից հետո մենք պետք է իրար տեսնենք, նույն քաղաքում միասին ապրենք: Երեւանը բոլորիս քաղաքն է:
-ՀՅԴ-ն չմասնակցեց նախորդ տարի տեղի ունեցած ավագանու հերթական ընտրություններին, բայց 2013 թվականի ավագանու ընտրություններում «ՀՅԴ»-ն Երեւանում հավաքեց 16.000 ձայն, իսկ այս անգամ մոտավորապես` 5800: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է սա պայմանավորված:
-Ընդհանուր առմամբ, մեր հասարակությունը դժվար կացության մեջ է հայտնվել վերջին տարիներին: Մի դեպքում մենք հանդիպում էինք ընտրությունների, որտեղ օգտագործվում էին ֆինանսական եւ պաշտոնական ռեսուրսներ, այսինքն` նախապես կանխորոշված ընտրությունների, եւ այդ դեպքում դժվար էր քարոզարշավում լիարժեք պատկեր ստանալը, իսկ այս ընտրությունները, որը ավելի արդար ու թափանցիկ էր, հետեւեց այն հեղափոխական գործընթացին, որի արդյունքում շատ դժվար էր բոլոր քաղաքական ուժերի համար: Ի վերջո, մենք տեսանք վարչապետի աջակցությունը կոնկրետ թեկնածուի: Հույս ունեմ, որ սրանից հետո բոլոր ընտրությունները կանցնեն քաղաքական պայքարի, ծրագրերի մրցակցության պայմաններում, եւ, իհարկե, հնարավորություն կունենանք տեսնել այն բոլոր խոստումները, որոնց սպասում ենք մենք եւ ողջ հայ ժողովուրդը:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան գալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ-ն ցրելու հարցով: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցի շուրջ:
-Չեմ կարող շատ խորը պատասխանել այդ հարցին, որովհետեւ ընդամենը Երեւանի ավագանու թեկնածու եմ: Իմ կարծիքով` պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որպեսզի Հայաստանում վերջապես ամեն ինչ իր տեղն ընկնի:
-«ՀՅԴ»-ն ի՞նչ հետեւություններ արեց այս ընտրություններից:
-Կարող եմ ասել` «Դաշնակցությունը» ընդամենը հերթական անգամ ճիշտ չհասկացվեց հասարակության կողմից: Անկախ ընտրության արդյունքներից` մենք մշտապես պատասխանատվություն ենք կրում մեր երկրի համար, եւ դա երբեք չի թուլանալու: Քաղաքականության մեջ հիմա շատ կան կուսակցություններ, որոնք իրենց քվեների քանակով են պայմանավորում երկրի, հայ ժողովրդի հարցերի մեջ իրենց մասնակցությունը: Մեզ համար քվեն ընդամենը միջոց է մեր ծրագրերը իրականացնելու, բայց պատասխանատվության զգացումը երբեք չի մարում:
-Դուք հետագա համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք իշխող կուսակցության հետ:
-Դաշնակցությունը չի համագործակցում անձերի կամ կուսակցությունների հետ: Մենք համագործակցում ենք միայն մեր պետության հետ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐՁԱԿՎՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:

-Պարո՛ն Տեր-Թադեւոսյան, ի՞նչ իրավիճակ է այժմ սահմաններին եւ ինչպե՞ս եք գնահատում այդ առումով նոր իշխանությունների մարտավարությունը:
-Դե, տեսնում եք, որ նոր իրավիճակներում մենք առաջին անգամ այսպիսի հարձակվողական քաղաքականություն ենք վարում: Մենք միշտ պաշտպանվել ենք թշնամուց, միշտ սպասել ենք՝ մեզ մի հատ խփեն, նոր մենք պատասխանենք: Բայց հիմա մեր բանակը լուրջ պատրաստվում է, կարող ենք լուրջ հարված հասցնել թշնամուն, եթե ինքն այնպիսի քայլեր անի, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ: Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ պատրաստ չէինք եւ պետք է մեր սխալը ուղղենք, ընդունենք: Բայց մեր ազատամարտիկները օգնեցին մեր հերոս զինվորներին եւ սպաներին, ովքեր առաջին գծում էին, եւ առաջին հարվածն իրենց վրա վերցրեցին: Հիմա ավելի դժվար կլինի, եւ եթե մենք իրար խփենք, մենք կունենանք մարդկային կորուստներ, սակայն թշնամին կոչնչացվի:
-Մենք հիմա որքանո՞վ ենք պատրաստ, եւ այդ հարձակվողական քաղաքականությունը ճի՞շտ է:
-Մեր թշնամուն ոչնչացնելու համար այնքան էլ մեծ պատրաստվածություն պետք չէ: Օրինակ` Բաքվում այնպիսի գործարան կա կամ թույլ տեղեր կան, որտեղ մենք կարող ենք ոչնչացնել: Ապրիլյան պատերազմը մեր ցույց տվեց թույլ տեղերը, այն, ինչ պետք է արվի: Եվ դա արվեց մինչեւ հեղափոխությունը, հիմա էլ, եւ գնալով ուժեղանում են մեր դիրքերն ու բանակը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գլխին շարունակվում են սեւ-մութ ամպեր կուտակվել: Հրազդանի համայնքապետարանը դատի է տվել Արամ Դանիելյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 19-ին համայնքապետարանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Արամ Դանիելյանին փոխհատուցել համայանքապետարանին պատճառված վնասը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վնասի չափը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ: Այս գործը քննելու է դատավոր Արիստակես Սիսակյանը: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ, եւ հիմա Արամ Դանիելյանի դեմ հարուցվել է քրեական գործ:

 

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԴԵՄ
Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Ալեն Սիմոնյանը դեռեւս օգոստոսի 23-ին ներկայացրել են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որն արդեն երկու փորձաքննության է ենթարկվել: Նրանք ցանկանում են սահմանել, որ տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում: Նախագծի հեղինակները նշում են, որ ներկայումս անմիջականորեն տոտալիզատորի եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ընդ որում՝ խաղասրահի միջոցով տոտալիզատորների գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնտեսագիտական փորձաքննության վարչությունը եզրակացություն է տվել, ըստ որի` առաջարկված տարբերակով հնարավոր չէ լուծել նախագծով հետապնդվող խնդիրների մի մասը, իսկ դրանց ամրագրման դեպքում էականորեն կարող են վնասվել վիճակախաղերի կազմակերպիչների ֆինանսատնտեսական շահերը, ինչպես նաեւ առկա շրջանառությունը կամ դրա մի մասը կարող է ուղղորդվել դեպի արտասահմանյան կայքեր` նպաստելով ՀՀ-ից ֆինանսական միջոցների արտահոսքին:

 

 

ՈՒՂԵՎՈՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՆՎԱԶՈՒՄ
Հայաստանում ուղեւորների թիվը շարունակում է նվազել: Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանարապետությունում այս տարվա յոթ ամիսների ընթացքում ուղեւորափոխադրումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.5 տոկոսով նվազել են: Ի դեպ, տեղեկացնենք, որ անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 8 տոկոսով:




Լրահոս