Բնության բարեհաճությունից բացի, ինչի՞ վրա էր հույս դրել տասնօրյա գյուղնախարարը, որ ասուլիս տվեց ու խոստացավ մեկ տարում անել այնքան բան, որոնց մասին խոսվում է քսան տարուց ավելի` հողերի սեփականաշնորհումից ի վեր: Հանրապետության բնակչության 45 տոկոսը մարզերում է ապրում եւ ամենեւին չհավատաց նրա ասածներին ու հասկացավ, որ նորանշանակը մոլորեցնում է բնակչության մնացած 55 տոկոսին, ներառյալ լրագրողներին ու իր ղեկավարներին: Լրագրողներին, որպեսզի նրանք գնան ու տարածեն իր լավատեսական մտքերը, թե այս տարի 114 տնտեսությունների հացահատիկի էլիտար սերմացու են տրամադրել, եւ «ճտերն ինքն աշնանը կհաշվի»` 5 տոկոս աճի տեսքով: Եվ ղեկավարներին, որպեսզի համոզի, որ սխալ ընտրություն չեն արել իր հարցում:Իրականում Սերգո Կարապետյանը շատ լավ էլ գիտե եւ սեփական տնտեսության վրա զգացած կլինի, թե Հայաստանում ինչ ասել է «էլիտար» սերմացու: Ոլորտը վաղուց մոնոպոլացված է հենց Գյուղնախարարության նախկին պաշտոնյաների կողմից, նրանք էլ Հոլանդիայից եւ այլ երկրներից ներկրում են անորակ ցորեն ու կարտոֆիլ եւ «էլիտար» գներով ծախում հայ գյուղացիներին: Գյուղում ապրող նախարարը լավատեղյակ է, որ գյուղացիները հիմնականում վարկով, մեկ կիլոգրամը 250-300 դրամով գնում են սերմացու կարտոֆիլ եւ տուժում են հենց վատ, չորրորդ կարգի «էլիտար» սերմացուի պատճառով: Վկան` կարտոֆիլի այս տարվա գները: «Արտֆուդի» նախկին տնօրենն իսկապես տեղյակ մարդ է, պարզապես թվեր է ասում` հույսը դնելով բնության վրա: 2010 թվականն իսկապես անբարենպաստ էր, եւ ցանված կարտոֆիլի գլխին ինչ ասես չեկավ` կարկուտ, անձրեւներ, ցրտահարություն, հեղեղումներ, միջատների հարձակում: Սա` բնության գործոնը: Սակայն գաղտնիք չէ, որ մարդկային գործոնն էլ կա` ներկրվող թանկ, բայց անորակ սերմացու, վար ու ցանքի, թունաքիմիկատների, մեխանիզացիայի թանկ գներ (մեկ հեկտարի հաշվով` 40-60 հազար դրամ), ինչի պատճառով մարդիկ կա՛մ հրաժարվեցին կարտոֆիլ ցանել, կա՛մ պակասեցրին ցանքսը: Հազարավոր ընտանիքներ աղքատացան, չկարողացան վերադարձնել վարկերը: Եվ նրանց ու ոլորտի վրա ուշադրություն դարձնող չէր լինի, եթե հայաստանյան շուկաներում կարտոֆիլի մեկ կիլոգրամը չհասներ մեկ դոլարի եւ չարձանագրվեր 13,5 տոկոս անկում: Այս անկումը ոչ թե պատահական էր, այլ ոլորտի ու գյուղի նկատմամբ կառավարության երկու տասնամյակի անուշադրության արդյունք: Մարդիկ հիշում են, որ տարիներ առաջ պատգամավորներից մեկը մայրաքաղաքային բարձունքից ծաղրեց, թե հայ գյուղն ասես քարացած-մնացած լինի «Քսենոֆոնի ժամանակներում»: Բա չասես` ձեր ընդունած որոշումներով կառավարվող գյուղը հազիվ էլ այդքան առաջընթաց ունենա:13,5 տոկոս անկումը սառը ցնցուղ էր կառավարության համար, եւ հույս կա, որ գյուղին ուշադրություն կդարձնեն ոչ միայն իբրեւ հլու ընտրազանգվածի, այլեւ «կերակրող ձեռքի»: Հ.Գ. Նոր նախարարի խոսքին ամենեւին չհավատացին Արարատի մարզի բնակիչները` հիշելով, թե տարիներ շարունակ ինչպիսի դժվարությամբ են Սերգո Կարապետյանի «Արտֆուդից» ստացել իրենց հանձնած պոմիդորի փողը: Դեպքեր են եղել, որ անգամ մարզպետն է միջնորդել, սակայն տնօրենը զլացել է մարդկանց հասանելիքը տալ: Երեւի սա հիշելով` «Արտֆուդի» արդեն նախկին տնօրենը Հանրային խորհրդում խոսեց «մթերված հումքի դիմաց վճարումների ընթացքի մասին»: Տեղին մտավախություն` մեկ էլ տեսար ներկայիս տնօրենը շարունակի լավագույն ավանդույթները:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Ո՞ՒՄ Է ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՆՈՐ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ