«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՎԱԳԱՆԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, Երեւանի ավագանու, խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի շրջանում առկա տրամադրությունների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է կուսակցականացված ցուցակներով ավագանու ընտրությունների անցկացումը եւ միաժամանակ հույս հայտնել, որ կգա ժամանակը, եւ իրավիճակն այդ առումով կփոխվի:

-Պարո՛ն Շահումյան, սպասու՞մ էիք, որ «Իմ քայլը» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններում 80 տոկոսից ավել ձայն կստանար: Արդյոք սրա արդյունքում տեղի չունեցա՞վ քաղաքական դաշտի միաբեւեռացում:
-Կարծում եմ՝ բոլորն էլ սպասում էին նման արդյունքների, անսպասելի ոչինչ չեղավ: Իսկ միաբեւեռության խնդիր չեմ տեսնում: Ժողովուրդը Փաշինյանին աջակցելու համար իր ձայնը տվեց նրա թեկնածուին: Ամեն դեպքում, պետք է ասեմ, որ ինձ համար անընդունելի է կուսակցականացված ցուցակներով ավագանու ընտրությունների անցկացումը: Քաղաքի ավագանու անդամները պետք է լինեին անկուսակցական, ամեն թաղ պետք է առաջադրեր լավ մասնագետի եւ հեղինակության: Հուսով եմ՝ կգա ժամանակ, եւ իրավիճակն այս առումով կփոխվի:
-Երեւանի ավագանու ընտրություններում խախտումներ մեծ մասամբ չեղան, ժողովուրդն ուներ հստակ կողմնորոշում, կարելի՞ է ասել, որ այդ կերպ հող նախապատրաստվեց նաեւ խորհրդարանական ընտրությունների համար:
-Այո, ամեն ինչ տանում է դրան: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թերեւս առաջին անգամ էր, որ ժողովուրդը հավատաց` առանց կաշառքի, պարտադրանքի կարող է ընտրություն կատարել: Իսկ նախորդ ընտրությունները բոլորիս աչքի առաջ են կատարվել, եւ գիտենք, թե ինչ սկզբունքով: Հիմա անհասկանալի վիճակ է. խորհրդարանի ներկա կազմը եւ կառավարության կազմը հակասությունների մեջ են, բայց ոչ առողջ հակասությունների: Մենք տեսել ենք, թե վերջին երեսուն տարվա ընթացքում հին կուսակցություններն ինչպես են իրենց սեփական շահը գերադասել երկրի շահից: Հիմա հարկավոր է, որ նոր ընտրություններ լինեն: Ազգային ժողովի ներկայիս անդամները ճիշտ կանեն՝ ազգային մտածողություն դրսեւորեն եւ աջակցեն ժողովրդի թեկնածուին:
-Ի՞նչ եք կարծում՝ Ազգային ժողովը շտապ ցրելու անհրաժեշտություն կա՞, թե՞, այնուամենայնիվ, պետք չէ շտապել:
-Տեսեք՝ հիմա ամեն ինչ իրար է խառնվել: Օրինակ՝ դատական համակարգում այնքան կասկածելի կենսագրություններով հնաբնակներ կան, որոնք պետք է դուրս գան, որ համակարգը մաքրվի: Նույնը կարելի է ասել Ազգային ժողովի դեպքում: Եթե ուզում են, որ օրենքը պահենք եւ միջազգային հանրությանն էլ օրինազանցի կերպարով չներկայանանք, պետք է այնպես անեն, որ օրենքը նպաստի արդար խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
-Պարո՛ն Շահումյան, Ձեր դիտարկմամբ՝ հիմա մեր ժողովրդի շրջանում ի՞նչ տրամադրություններ են իշխում:
-Ցավոք, նկատում եմ, որ ժողովրդի մի հատված փոխանակ երկրի համար սրտացավ լինի, իր տան ու դռան խնդիրներն է ուզում առաջ տանել եւ լուծել: Ես գիտեմ մարդկանց, որոնք սկզբում աջակցում էին ժողովրդական շարժմանը, բայց հիմա վիրավորված են, որ իրենց կամ իրենց երեխաներին աշխատանք չեն տվել: Եսասիրական նկրտումները մեր երկրի համար քայքայիչ են: Մյուս կողմից էլ նկատում եմ, որ ժողովրդի մի զգալի հատված զգացել է իր ազդեցության ուժը երկրի կառավարման հարցում: Կուզեմ, որ այդ ազդեցությունը պահպանվի: Հիմա ժողովուրդը վստահ է, որ իրեն վատ պահող ցանկացած իշխանության կարող է դուրս շպրտել: Դա արդեն մեծ բան է, դա կզգաստացնի ցանկացած կուսակցության եւ ղեկավարի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՄՏԱԾԵՐ»

«Երեւանին քաղաքային մտածողություն ունեցող մարդ է պետք, քանի որ մեր քաղաքում ապրում է երկրի բնակչության գրեթե կեսը, հարկավոր է այն բեռնաթափել: Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի համաչափ զարգացման արդյունքում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա հիշեցրեց՝ ժամանակին փորձեցին Երեւանը դարձնել միլիոնանոց քաղաք, որպեսզի մետրո կառուցեն. «Բայց չեմ կարծում, որ Վիլնյուսը կամ Տալինը ինչ-որ բան են կորցրել՝ չլինելով միլիոնանոց քաղաք»,-ասաց մեր զրուցակիցը:
Պարոն Բաբայանի համոզմամբ՝ շատ կարեւոր է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեփական օրինակով ցույց տա՝ որն է լավ երեւանցու կերպարը. «Այսօր բոլորը խոսում են աղբահանության խնդրի մասին, բայց ես կասեմ, որ եթե նույնիսկ աղբահանությամբ զբաղվող ընկերությունները տասնապատիկ ավելին լինեն, Երեւանը դրանից մաքուր չի դառնա, որովհետեւ մենք՝ երեւանցիներս, այն մաքուր չենք պահում»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարը:
Նա ցանկություն հայտնեց, որ Երեւանի կենտրոնում արգելվի որեւէ շինարարություն եւ զարկ տրվի այգիների, պուրակների կառուցմանը. «Երեւանն այսօր թոքեր չունի: Տեսեք՝ որքան տարածված է քաղցկեղը: Պատճառներից մեկը մեր ստեղծած պայմաններն են: Վերացրեցինք կանաչ գոտիները՝ չհասկանալով, որ վերացնում ենք մարդկանց ապրելու միջավայրը: Իրականում չկա առաջնային կամ երկրորդական խնդիր: Կա խնդիրների կոմպլեքս»,-մեկնաբանեց պարոն Բաբայանը:
Նրա կարծիքով՝ Երեւանը պետք է դառնա մշակութային քաղաք, քանի որ նրա դեմքը մշակույթն է, սեփական ճարտարապետությունը, պատմությունը. «Մենք կառուցեցինք Հյուսիսային պողոտան, եւ այնտեղ չկա մշակութային որեւէ օջախ: Ինչո՞վ ենք զարմացնելու մարդկանց, բրենդային խանութներո՞վ, թե՞ անճաշակ շենքերով: Կուզենայի նաեւ, որ ներկայիս քաղաքապետը պահպաներ պատմական, մշակութային կղզյակները, որ մնացել են, հասկանար, որ Երեւանը միայն կենտրոնը չէ, այլեւ արվարձանները, լայնամասշտաբ մտածեր»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է իսպանական Պրիմերայի 6-րդ տուրի` «Լեգանես»-ի հետ խաղում իրենց կրած պարտությունը: Հիշեցնենք, որ կատալոնական թիմը Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունն է կրել. «Այսպիսին է ֆուտբոլը, այստեղ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Մեզ հետ պարզապես դժբախտ դեպք տեղի ունեցավ: Մենք նման արդյունք չէինք սպասում, քանի որ լավ էինք պատրաստվել խաղին: Եթե բաց թողած երկրորդ գոլից հետո «Բարսելոնա»-ն պատասխան գնդակը խփեր, չեմ կասկածում, որ մենք հաղթանակ կտանեինք: Ես` որպես մարզիչ, պատասխանատվություն եմ կրում այս պարտության համար: Հասկանում եմ, որ որոշ ֆուտբոլիստներ չափազանց ուժասպառ են ծանր գրաֆիկի պատճառով»,-ասել է Վալվերդեն: Հիշեցնենք, որ չնայած այս պարտությանը` «Բարսելոնան» շարունակում է 13 միավորով գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Մադրիդի «Ռեալ»-ը կարող է կադրային խնդիրներ ունենալ առաջիկա կարեւոր խաղերից առաջ: Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրի` «Սեւիլիա»-ի հետ խաղում մադրիդցիների պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել եւ ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման վերջում: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խաղից հետո հայտարարել է, որ բրազիլացին ազդրի մկանային վնասվածք է ստացել:
Առաջիկա շաբաթ` սեպտեմբերի 29-ին, «Ռեալ»-ը կմասնակցի մադրիդյան դերբիին «Աթլետիկո»-ի հետ: Հանդիպումը կկայանա «Ռեալ»-ի տնային` «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում: Հոկտեմբերի 2-ին «Արքայական ակումբ»-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կմրցի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումը կկայանա Մոսկվայի «ՎԵԲ Արենա» ստադիոնում:

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
«Արարատ-Արմենիա»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն մեկնաբանել է երեւանյան ակումբից իր հեռացվելը: «Ինձ համար դա միանգամայն անսպասելի էր: Ոչինչ չէր կանխատեսում իրադարձությունների նման ընթացքը: Այո, թիմը մրցաշարային աղյուսակի միջնամասում է, բայց առաջատար «Լոռի»-ին եւ «Բանանց»-ին ընդամենը 5 միավորով էինք զիջում, այսինքն` ամեն ինչ դեռ առջեւում էր, եւ իրավիճակը ծայրահեղ չէր: Սակայն ակումբի ղեկավարությունն այլ կերպ էր կարծում: Երեքշաբթի, երբ ես արդեն նախատեսում էի Երեւանում մարզում անցկացնել, եկավ գլխավոր տնօրենն ու կոլեկտիվին հայտարարեց, որ անբավարար արդյունքների համար ինձ հեռացնելու որոշում է կայացվել: Ինձ փաստի առաջ կանգնեցրին, ու ստիպված էի այդ որոշումն ընդունել»,-ասել է Սկրիպչենկոն:




Լրահոս