ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղում կիրակի համայնքի ավագանու անդամների ընտրություններ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 130 ընտրող ունեցող Մեծաձորում ավագանու անդամների ընտրությանը մասնակցել է 11 քաղաքացի: Ի դեպ նրանց թվում են նաև առաջադրված չորս թեկնածուները:
Տեղեկացնենք, որ Մեծաձորի համայնքի ավագանու թեկնածուները 4-ն են` Զլֆո Ամոյանը, Ռուզաննա Խուդոյանը, Մրազ Միրոյանը, Տոսուն Միրոյանը: Ի դեպ, 4-ն էլ անկուսակցականներ են: Սակայն նրանցից երեք թեկնածուն հավաքել են 3-ական ձայն, իսկ մեկը` 2 ձայն: Մեծաձորի գյուղապետ Մաջիդ Ամոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ցավով նկատեց, որ տարիների ընթացքում գյուղը դատարկվում է, մարդիկ հեռանում են: Նրա խոսքերով` այսօր գյուղն ունի 130 ընտրող, բայց փաստացի ապրում է 30 մարդ: Պատճառը սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են: Բանն այն է, որ մեծաձորցիների եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է, սակայն վերջին տարիներին այն այդքան էլ եկամտաբեր չէ, քանի որ անասնակերը թանկ է:
Պարզվում է` գյուղը համայնքապետարանի շենք չունի, իսկ աշխատանքային հանդիպումները անցկացվում են գյուղապետի տանը: Ամոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ հարեւան` Վերին Բազմաբերդի գյուղապետարանում մի սենյակ են իրեն հատկացրել, որտեղ եւ գտնվում են Մեծաձորի փաստաթղթերը:
Իսկ դպրոցը, որը ուներ 2 աշակերտ, անցած տարվա վերջին է փակվել: Մի քանի ընտանիք անմիջապես դպրոցը փակվելուց հետո քոչեցին Ռուսաստան: Դիմել ենք կառավարությանն էլ, մարզպետարանին էլ, բայց այդպես էլ դպրոցը չբացվեց: Լավ չի մեր վիճակը»,- հառաչելով ներկայացրեց գյուղապետը:
Սյունէ Համբարձումյան