ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ՝ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ իշխանությունների օրոք իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր խմբերի» պարագլուխները շարունակում են մնալ կալանքի տակ: Տեղեկություններ կան, որ կա ներքին որոշում. հանցավոր խմբերի կամ խմբավորումների հիմնական կազմակերպիչներին ազատ չարձակել:

Սերժ Սարգսյանի դեմ
Ինչպես հայտնի է, 2015 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի` Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, ՀՀ կառավարության եւ Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: ԱԱԾ տվյալներով` խումբը փորձել էր վերահսկել Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայողների աշխատանքի կազմակերպումը: Ավելին` Արթուր Վարդանյանին հաջողվել էր գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը: Այս գործով նախաքննությունը 2016 թվականին ավարտվեց, եւ գործը ուղարկվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրյալի աթոռին հայտնվել էին 20 անձ:
Նկատենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը բոլոր մեղադրյալների պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացրել դատարան, որպեսզի մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխարինվեր գրավով կամ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին, սակայն բոլոր միջնորդությունները մերժվում էին: Իսկ երբ երկրում իրավիճակ փոխվեց, եւ 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հասկացավ, որ «Նիկոլ, դու ճիշտ էիր, ես սխալվեցի», նույն դատարանները իրար հետեւից վերոնշյալ գործով մեղադրյալներին տարբեր պատճառաբանություններով ազատ արձակեցին:
Ներքին հրահանգ
Օրինակ` Նորք Մարաշի «բանդայի» գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգն ուսումնասիրել է նաեւ Վարդանյանի մեղադրանքը եւ որոշել է ազատ չարձակել նրան: Ըստ ամենայնի, տարածված լուրերը, թե «ներքին հրահանգ» կա պարագլուխներին պահել կալանքի տակ, այնքան էլ իրականությունից հեռու չեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց. «Ներքին հրահանգի մասին տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ Արթուր Վարդանյանի քրեական գործով բոլոր ամբաստանյալները ազատության մեջ են, կալանքը փոխվել է` բացառությամբ Արթուր Վարդանյանի: Դատավոր Բեկթաշյանը մերժել է մեր միջնորդությունը, որ նրան ազատ արձակեն: Գտնում ենք, որ դատարանի այդ ակտը անհիմն է, եւ վերացական դատողությամբ որոշում է կայացվել, որը մենք բողոքարկել ենք վերաքննիչ դատարան»:
Նկատենք, որ ազատ արձակումների շարքից հետո այս գործերով դատական նիստերը չէին կայանում: Բայց ինչպես տեղեկացանք փաստաբան Լեւոն Բաղդասարյանից, ներկայումս դատական նիստերը առաջվա պարբերականությամբ ընթանում են` շաբաթվա մեջ մեկ օր:
Ի՞նչ վիճակ է «Սասնա Ծռեր»-ով
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը, որի արդյունքում սպանվեցին երեք ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը եւ Գագիկ Մկրտչյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեցին 32 անձ: Թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ պատգամավորները անձնական երաշխավորություն ներկայացրեցին դատարան, որի արդյունքում ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվեց ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Սակայն «այգեպանը» բոլորին ազատ արձակեց, բացի «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանից, Արմեն Բիլյանից եւ Պավել Մանուկյանից, որոնք շարունակում են մնալ կալանքի տակ:
Նշենք, որ Պավել Մանուկյանը համարվում է «Սասնա ծռերի» պարագլուխը: Հարց է առաջանում` ինչու ազատ չեն արձակվում Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը: Նրանք անազատության մեջ են, քանի որ վերջիններս մեղադրվում են ոստիկաններին սպանելու մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը եւս ասաց, որ ներքին հրահանգի մասին ոչինչ չգիտի, որեւէ բան չի լսել, սակայն Պավել Մանուկյանի մասով կարող է ասել, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, այդ փորձաքննության պատասխանը ստանալուց հետո նոր պարզ կլինի, թե դատարանը նրան ազատ կարձակի, թե ոչ. «Հուսամ` ազատ կարձակեն»:
Անդրադառնալով դատական նիստերի չկայանալու փաստին` պաշտպանն ասաց, որ նիստերը չկայացան, քանի որ դատավորն էր արձակուրդի մեջ, անցած նիստին Արայիկ Խանդոյանն էր վատառողջ եղել, չորեքշաբթի հերթական դատական նիստն է նշանակված:
Այսպիսով, կոնկրետ հանցախմբերի գործունեության առիթով հարուցված քրեական գործերով հիմնական դերակատարները դեռ շարունակում են կալանքի տակ մնալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

3 ԱՄԻՍ ԱՆՑ
Ինչպես հայտնի է, հունիսի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատավճիռը: Ասել է թե` Վճռաբեկ դատարանը առաջին ատյանի դատարանի եւ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն անհիմն է համարել եւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի գործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննություն իրականացնելու համար:
Անցել է 3 ամիս, բայց որոշումը դեռեւս չի ուղարկվել առաջին ատյանի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատճառը Վճռաբեկ դատարանում տիրող իրավիճակն է: Այնտեղ տեխնիկական խնդիրներ ունեն եւ արդեն երեք ամիս է, ինչ չեն կարողանում մեկ վճիռ ուղարկել առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում)) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Այս գործով որպես մեղադրյալներ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

 

 

ՆԱԽԿԻՆ ՏԵՍՈՒՉԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ ԷՐ
«ՀԷՑ»-ի նախկին պաշտոնատար անձինք հայտնվել են ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ՀԷՑ»-ի նախկին աշխատակից Սերգեյ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016թ. փետրվարի 9-ից մինչեւ նոյեմբերի 15-ը լինելով «ՀԷՑ» ՓԲԸ տեղամասի տեսուչ, քաղաքացի Նոնա Անտոնյանից վերցրել է 97 հազար 560 դրամ գումար, որպեսզի մուտքագրի վերջինիս բաժանորդային հաշվին նախկին տարիների ընթացքում կուտակված պարտքը մարելու համար, սակայն չի մուտքագրել եւ յուրացրել է այն:
Վերջինիս այս արարքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 179 հոդ. 1-ին մասով (յուրացնել կամ վատնել) եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
Երեկ ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գեւորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը, ծրագրի ազգային համակարգող Մարիցա Հովհաննիսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, ՔԿԴ իրավական ապահովման եւ վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը։ Կողմերն անդրադարձել են քրեական գործերի նյութերի թվայնացման, տարբեր տեղեկատվական շտեմարաններին հասանելիությունն ապահովելուն ուղղված համատեղ իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել՝ համագործակցությունը զարգացնելուն միտված նոր ուղղությունների վերաբերյալ:

 

ՕԳՆԵԼՈՒ ԵՆ
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին: «Ողջունում եմ ոստիկանական ուժերն արդիականացնելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը: ԱՄՆ կառավարությունը՝ ի դեմս ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի, պատրաստ է Ձեզ հետ քննության առնել այն ուղիները, որոնցով կարող ենք օգտակար լինել այդ կարեւոր ձեռնարկին»,- հանդիպման ժամանակ ասել է դեսպանը:

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել։ Փոփոխությունն արվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի համար ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքների համատեքստում: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի առաջարկով՝ պաշտոնատար անձը պաշտոնից հեռանալուց հետո էլ պարտավոր կլինի ներկայանալ քննիչ հանձնաժողով, եթե ունի անհրաժեշտ տեղեկատվություն՝ կապված գործի հետ: Քննարկումներից պարզ դարձավ, որ խոսքը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր պաշտոնաթող են եղել քննիչ հանձնաժողովի ստեղծվելուց հետո:

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայությունում կատարվել են նոր նշանակումներ. ՀՀ 32 քաղաքացի համալրել է Քրեակատարողական ծառայության միջին եւ առաջատար խմբի պաշտոնները: Ա. Մխոյանը մաղթել է արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք:




Լրահոս