Հարց քաղաքացիներից` ՌԴ-ի ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող անձը կարող է ստանալ մանկավարժական թոշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մայրս ՀՀ քաղաքացի է, ունի 31 տարվա մանկավարժական ստաժ, ունի ՌԴ-ի ժամանակավոր կացության կարգավիճակ: Ցանկանում է իմանալ` կարող է ստանալ մանկավարժական թոշակ:

Ռազմիկ Հարությունյան (53տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ: Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի ՌԴ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ, ապա կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումի եւ անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի նաեւ ՌԴ-ում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին տեղեկանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության եւ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշված փաստաթղթերն ունենալու դեպքում դիմողը պետք է ներկայանա համապատասխան բաժին եւ ստանա իրեն հասանելիք թոշակը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս