1 միլիոն դոլար ՀՀԿ-ի հաշվեհամարի՞ն. ինչ պայմանավորվածություն է եղել Տավուշի նախկին մարզպետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի «Հանրապետական» կուսակցության հաշվեհամարին: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հովիկ Աբովյանի հետ:

-Պարո՛ն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահները բացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցել Հայաստանի «Հանրապետական» կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այս մասին:

– (Ծիծաղում է Ք.Մ) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ ընկել:

-2018 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ գործարարները նախագահական նստավայր` Բաղրամյան 26, ճամպրուկներով փող են տարել, միգուցե Ձեզ էլ են ստիպել տանել ինչ-ինչ հետապնդումներց զերծ մնալու: Ձեզ նման հրահանգ չի՞ եղել:

-Որեւիցե մեկը ոչ ինձ հորդորել է, ոչ մեկին ոչ մի կոպեկ ընդհանրապես չեմ տվե: Բայց ինչի՞ պետք է տայի, լրիվ ապատեղեկատվություն է, եւ բացառվում է, նման բան չէր կարող լինել: Ստից բաներ մի՛ ասեք, դուք միլիոն դոլար տեսա՞ծ կամ ես տեսա՞ծ եմ, կամ ինչո՞ւ պետք է տամ:

-Մարզպետներ են եղել, որ տվել են ինֆորմացիայի դիմաց կամ հետապնդումներից խուսափելու համար, կարո՞ղ է դուք էլ տված լինեք :

-Նման բան չկա, իրենք ինձ պետք է տային, որ ես ընդհանրապես լույս քաշեյի, այդ աշխատանքը անեի, ինչու պետք է տամ: Գիշեր -ցերեկ այդ սահմաններում քարշ եմ եկել, մի հատ էլ պետք է տա՞մ: Չի կարելի մարդկանց այսքան հունից հանել, եթե նման բան լիներ, վաղուց ասած էլ կլինեին, վաղուց փակած էլ կլինեին, ամեն ինչ էլ արած կլինեին: Միլիոն դոլար …….

-Նկատեցինք, որ թավշյա հեղափոխությունից հետո բացահատվեցին նախկին պաշտոնատար անձանց որդիների` ծառայությունից խուսափելու դեպքեր: Ձեր որդին նույնպես չի ծառայել, ինչո՞ւ:

-Այդ մասին բազմիցս գրվել է, վերջին անգամ տարել եմ կամիսիայի, ուղղակի հիմա այդտեղ չեմ, չգիտեմ` ինչ է եղել այս ընթացքում: Բայց հիվանդության պատճառով է եղել, որ որդիս չի ծառայում:

-Բայց շատերն են կեղծ թղթեր ձեռք բերել՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, որ իրենց երեխաները չծառայեն բանակում: Մեկ օրինակ կա. Սյունիքի նախկին մարզպետի որդիներից մեկի նկատմամբ արդեն հետախուզում կա հայտարարված, մյուսի մասով էլ փորձաքննություն է նշանակված: Այսինքն հիմա այլ պատկեր ունեք: Մտավախություն չունե՞ք, որ հիմա այլ բան բացահայտեն, որ Ձեր գործոնն է պատճառ եղել, որ նրան ազատել եք:

– Եթե իմ գործոնով է պայմանավորված, ենթադրենք մտածենք այդպես է եղել, ոնց է կրկնակի, եռակի անգամ գնում կամիսիայի ու նույն դիագնոզն են տալիս, որը ինձ համար` որպես ծնողի, ցավալի է: ԻՆձ հաճելի չէ ամեն անգամ այդ մասին խոսել: Նա աշխարհի վերջին երեխա՞ն է եղել, որ չի գնացել ծառայել, չեմ հասկանում: Տավուշի մարզից 72 հոգի ազատված են, ինչո՞ւ չեք գնում, տեսնեք, թե ինչպես են ազատվել: Դուք երեխա չունե՞ք, եթե չունեք, Տա՛ Աստված` երեխա ունենաք, ու ինքը առողջ լինի, մնացածը թողնում եմ Ձեր խղճին :

– Պաշտոնյաների երեխաներ են ազատվածները:

– Դա ի՞նչ կապ ունի, ի՞նչ կապ ունի:

– Ձեր որդին այսօր աշխատում է մաքսային ծառայությունում: Դուք 2007-2009 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետն եք եղել, 2009-2014 թթ.` Գուգարքի մաքսատան պետը, Ձեր որդուն Ձեր մոտ «գործի եք տեղավորել»: Այս մասին ի՞նչ կասեք :

-Եթե օրենսդրությունը թույլ է տալիս , որ մարդիկ աշխատեն այդ համակարգում, եթե ուշադիր ուսումնասրեք, կտեսնեք, որ համակարգն է թույլ տալիս աշխատել:

-Բայց տեղեկություններ կան, որ Ձեր գործոնով է պայմանավորված` Ձեր որդին այնտեղ աշխատանքի է անցել :

-Նման բան չկա:

Քնար Մանուկյան




Լրահոս