ՀԱՐՑ․ Խնդրում եմ` ասեք` ընտանեկան նպաստ ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել: Ուզում եմ տեղեկանալ` կոնկրետ որ դեպքում է ընտանիքին նպաստ տրամադրվում, իմ ընտանիքը կարո՞ղ է ստանալ:
Էմմա Նազարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի` իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառելու նպատակով պետք է իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային գործակալություն ներկայացնի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար նրան խորհուրդ ենք տալիս դիմել իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն` ներկայացնելով հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Անապահովութան միավորի հիման վրա կորոշվի նրա ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակելու հարցը, իսկ սահմանային միավորին հավասար կամ ցածր լինելու դեպքում կարող է դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:
Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց ցանկը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով, երեք ամիս ժամկետով: Ամեն դեպքում քաղաքացու փորձը կարող է հաջողություն ունենալ, ուստի նա պետք է անհապաղ դիմի տարածքային սոցիալական բաժին:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: