Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը փոխնախարար Արմեն Հարությունյանի, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի և նախարարի խորհրդական Արտակ Սաֆարյանի հետ աշխատանքային այց կատարեց Շիրակի մարզ: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մարզի ԱԻ ստորաբաժանումների, հրշեջ ջոկատների և տեխնիկական զինվածության խնդիրներին, ինչպես նաև քննարկել Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մարզին տրամադրվելիք գերժամանակակից հրշեջ մեքենաների բաշխմանն առնչվող հարցերը:

Նախարարի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր, որտեղ Ֆ. Ցոլակյանը հանդիպում ունեցավ մարզպետ Կ. Սարուխանյանի և Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ: Օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը զուգահեռ անդրադարձ եղավ նաև մարզին տրամադրվելիք հրշեջ մեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման հետ կապված հարցերին:

Ֆ. Ցոլակյանի հաջորդ կանգառը Շիրակի մարզային փրկարարական վարչությունն (ՄՓՎ) էր, որտեղ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի և ՓԾ մարզային վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց ՄՓՎ տարածքով, ծանոթացավ անձնակազմի աշխատանքային պայմաններին, վարչության տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին: ՄՓ վարչությունում նախարար Ցոլակյանն անցկացեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի հրշեջ փրկարարական ջոկատի ղեկավարները: Ծանոթանալով մարզի ՀՓՋ խնդիրներին՝ նախարարը նշեց, որ մոտ ապագայում դրանց մեծ մասը կլուծվեն՝ ըստ գերակայության: Նախարարը հանձնարարեց առավել մեծ ուշադրություն դարձնել բնակչության անվտանգության նորմերին և արգելել յուրաքանչյուր օբյեկտի աշխատանք, որը բնակչության համար կարող է վտանգ ներկայացնել: Նա մասնավորապես ուշադրություն հրավիրեց շրջիկ գազալցակայանների խնդրի վրա:

-Շիրակի մարզը ձմռանը շատ խնդիրներ է ունենում: Պետք է ջանք ու եռանդ չխնայել այդ խնդիրները լուծելու համար: Ես գիտեմ, որ մենք հաճախ կարող ենք ունենալ որակյալ տեխնիկայի պակաս, բայց այն ինչ ձեզնից է կախված, պետք է կատարել առավել կարգապահությամբ: ԱԻ նախարարությունն այն եզակի կառույցներից է, որն ունի օգնելու առաքելություն, ուստի պետք է բարձր պահել այդ համբավը, – եզրափակեց ԱԻ նախարարը:

Ֆ. Ցոլակյանն այցելեց նաև Գյումրիի N48 հրշեջ փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու անձնակազմին, ջոկատի գույքին և տեխնիկական հնարավորություններին: Ջոկատի տարածքն ուսումնասիրելուց հետո քննարկվեցին Ճապոնիայից ստացվող մեքենաների տեղակայմանը վերաբերող հարցերը:

ԱԻ նախարարի վերջին կանգառը սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունն էր, որտեղ ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Մխիթարյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց և ծանոթացավ ծառայության հնարավորություններին: Նախարարին ներկայացվեցին գրունտի ուժեղ շարժումները գրացնող սեյսմիկ սարքերը: Նախարարը հանդիպեց նաև մարզի տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների հետ և տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:




Լրահոս