Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում կարող է քաղաքացին ստանալ մանկավարժական թոշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` մայրս կարո՞ղ է ստանալ մանկավարժական թոշակ: Դիմել ենք սոցապ բաժին, տեղեկացրել են, որ նախապես պետք է գրանցված լինի: Խնդրում եմ պարզաբանել:

Կարինե Մարգարյան (ք. Էջմիածին)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացույցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածները:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող ապահովագրական ստաժ ունեցող եւ այդ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տարիքը չլրացած անձը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ տարվա ընթացքում, պարտավոր էր հաշվառվելու համար դիմել իր մշտական բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
Ելնելով վերոգրյալից` եթե Ձեր մայրը չունի 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ, իսկ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվառվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, ապա նրա 55 տարին լրանալու դեպքում անգամ նրան մասնակի կենսաթոշակ նշանակվել չի կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակվում է նաեւ այն անձանց, որոնք մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, եւ լրացել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող նրանց տարիքը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս