Ավելի քան երեք ամիս ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում (խոշորացված Անի համայնք) բողոքի ակցիաներ էին. տեղացիները պահանջում էին ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Նրանք նաեւ «գրավել էին» քաղաքապետարանի շենքը եւ թույլ չէին տալիս ելումուտ անել: Ըստ որոշ տեղեկությունների` բողոքի ակցիաներ` քաղաքապետի հրաժարականի պահանջով, նախատեսվում է իրականացնել նաեւ Շիրակի մյուս` Արթիկ քաղաքում:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարալիկում բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ քաղաքապետարանում ՀՀ վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ:
-Պարո՛ն Վարագյան, տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում Ձեր դեմ են բողոքի ակցիաներ լինելու…
-Էդ ո՞վ է որոշել, որ Արթիկում է լինելու…
-Ոչ թե ով է որոշել, այլ լուրեր են շրջանառվում, որ բողոքի ակցիաներ նախատեսվում է իրականացնել նաեւ Արթիկում Ձեր դեմ…
-Դե երբ որ պատրաստվեն գը, բողոքի ակցիաներ կանեն, այն ժամանակ կխոսենք, ուրի՞շ…
-Դուք չե՞ք լսել այս մասին, չե՞ք վախենում…
-Չէ, չեմ լսել կամ ինչո՞ւ պետք է բողոքեն որ…
-Պարո՛ն Վարագյան, Մարալիկում գործող քաղաքապետի դեմ, ըստ որոշ տեղեկությունների, բողոքում են նախկինում քաղաքապետի թեկնածու առաջադրված անձինք…
-Դե Մարալիկի անունը Մարալիկ է, Արթիկի անունը` Արթիկ, պրիչոմ Մարալիկը Արթիկի հետ…
-Այսինքն` Դուք թշնամիներ չունե՞ք:
-Ո՞նց կարող է ես թշնամիներ ունենամ, եթե ես ժողովրդի կողմից եմ ընտրվել:
-Արթիկի քաղաքապետարանում ստուգումներ անցկացվե՞լ են այս ընթացքում:
-Ես երբ եկել եմ այստեղ աշխատանքի, մինչ օրս ստուգումներ են անցկացնում:
–Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը:
-Չգիտեմ` ինչն է պատճառը, իրավապահ մարմիններին դիմեք, նրանք էլ կտեղեկացնեն Ձեզ:
-Չեն վստահում Ձեզ, դրա համար են ստուգո՞ւմ:
-Ո՞վ չի վստահում. հորինած, անանուն նամակներ են մտածում, ուղարկում են եւ դրանց հիման վրա էլ ստուգումներ են անցկացնում եւ որեւէ «արդյունք» չեն կարողանում գրանցել: Ես հենց եկել եմ աշխատանքի, երկու ամիս անց անցել են ստուգելու, եւ այդ ստուգումները գնում են մինչեւ հիմա: Ես անձամբ եմ պատկան մարմիններին դիմել, նաեւ վերահսկողական ծառայությանը: Գրավոր եմ դիմել, որ գան իմ մոտ, ստուգումներ անցկացնեն:
-Եւ եկե՞լ են, ստուգումներ անցկացրե՞լ են:
-Եւ եկել են, այո:
-Չարաշահումներ, խախտումներ, թերություններ հայտնաբերվե՞լ են:
-Ինչո՞ւմ պետք է չարաշահում հայտնաբերեն. որ եղած լիներ, հիմա հաստատ Դուք տեղյակ կլինեիք:
-ՀՀԿ-ից դուրս կգա՞ք:
-Հա, ես դուրս եմ եկել:
-ՔՊ-ին հնարավո՞ր է միանաք:
-Ես քաղաքապետ եմ աշխատում, անկուսակցական եմ եւ որեւիցե կուսակցական գործունեություն չեմ ուզում ծավալել:
Սյունէ Համբարձումյան