ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մտնում են գոմերը, ուտում են հավերին. աղվեսները «գրավել են» Արթիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանին՝ աղվեսը, հասել է մարդկանց բնակավայր: Արթիկում բնակիչներն արդեն մեկ ամիս է, ինչ լուռ պայքարում են աղվեսների դեմ: Այստեղ աղվեսները մարդկանց այգիներում փոսեր են փորում՝ վնասելով մշակաբույսերը: Սա դեռ ամենը չէ. շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին պատկանող այս կենդանիները մտնում են գոմեր եւ գողանում հավերին: Արթիկի որոշ թաղամասերում աղվեսներն այնպես են հաստատվել, որ սկսել են ձագեր ունենալ: Իսկ արթիկցնիներն արդեն կատակում են՝ նշելով, որ աղվեսներին վարժեցնելու են եւ պահեն որպես ընտանի կենդանի:

ArmLur.am-ի հետ զրույցում Արթիկի բնակիչները պատմեցին, որ փորձում են աղվեսներին սեփական ուժերով իրենց բնակելի տարածքներից հեռացնել: Անգամ բներն են փորձել ծխեցնել, սակայն անարդյունք: Մյուս կողմից, իր հերթին բնապահպան Սիլվա Ադամյանը հորդորում է ձեռք չտալ եւ չվնասել կենդանիներին, որովհետեւ դեռ հայտնի չէ, թե ինչու են աղվեսները հասել մարդկանց բնակավայրեր:

Ըստ մասնագետի՝ անհրաժեշտ է մշտադիտարկում անցկացնել, թե ինչ է կատարվում այնտեղ, որը պետք է իրականացնեն գիտահետազոտական կենտրոնները, մասնավորապես՝ կենդանաբանության ինստիտուտը: Բնապահպանի խոսքով, երբ աշխարհում որեւէ տեսակի կենդանի որեւէ տարածքում սկսում է շատանալ, դա խոսում է էկոլոգիական աղետի մասին:

Մասնագետը ArmLur.am-ի հետ զրույցում հիշեց վարդագույն սարյակներին, որոնք տարիներ առաջ շատացել էին Ուջանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս