ԱՄՆ-ն փոխում է ԼՂ-ի հարցում քաղաքականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը բավականին հետաքրքիր նրբերանգներ ունեցավ` ինչ-որ չափով անակնկալի բերելով շատերին: Իր կոշտ քաղաքականությամբ հայտնի Բոլթոնը Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումներում, ըստ էության, ցուցաբերեց առավելագույն ընկալունակություն եւ, կարելի է ասել, նույնիսկ դրական ազդակ հաղորդեց հայ-ամերիկյան հարաբերություններին: Սակայն առավել ուշագրավ են Բոլթոնի հայտարարությունների ենթատեքստերը, որոնք փոխանցում են Թրամփի վարչակազմում Կովկասի հանդեպ քաղաքականության փոփոխության մասին:

Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության նշանաբանը մեկնարկում եւ հանգում է միայն մեկ կետի` ամեն ինչում առաջնահերթ է ամերիկյան շահը: Եվ լինելով հաջող բիզնեսմեն` Թրամփը քաղաքականությանը նայում է հենց այդ հայացքով, երբ ԱՄՆ-ի ներգրավվածությունը համաշխարհային հարցերին չափվում է ֆինանսական օգուտների ու կորուստների տեսանկյունից: Սա Թրամփի համար չափազանց կարեւոր հանգամանք է, որը ոչ միայն առկա է հայտարարությունների մակարդակում, այլեւ գործնական ասպարեզում: ԱՄՆ նախագահի այսօրինակ քաղաքականությունը նորություն չէ, քանի որ ամերիկյան քաղաքական վերնախավը միշտ էլ հետապնդել է սեփական պետության շահերի սպասարկումը: Խնդիրն այդ սպասարկման ձեւի մեջ է, երբ մի կողմից դեմոկրատ վարչակազմը նախընտրում է փափուկ ուժի քաղաքականությունը, իսկ հանրապետականները հիմնականում ավելի կոշտ են: Թրամփի պարագայում այդ կոպտությունը դուրս է քաղաքավարության շրջանակից եւ դրսեւորվում է ամերիկյան օգուտի մասին բացեիբաց հայտարարություններով: Այդպես Միացյալ Նահանգները հանգեց ՆԱՏՕ-ում դաշնակիցների հետ խնդիրներին` պահանջելով վերջիններից կատարել իրենց իսկ ստանձնած ֆինանսական պարտավորությունները: Այս մի դրվագը որպես օրինակ դիտելով` առնվազն կարելի է պնդել, որ ԱՄՆ 45-րդ նախագահի վարչակազմի համար ֆինանսական վատնումները անթույլատրելի շքեղություն են համարվում: Այս տեսանկյունից էլ Թրամփի վարչակազմը արտաքին քաղաքականություն վարելիս նախ դիտում է ԱՄՆ-ի ֆինանսական օգուտը:

Այդ տրամաբանությունը հստակորեն դրսեւորվեց Ջոն Բոլթոնի երեւանյան ասուլիսում, որտեղ նա հայտարարեց, որ ամերիկյան եւ ռուսական զենքի միջեւ որակով ավելի նախընտրելի է առաջինը: Նա ակնարկեց, որ ԱՄՆ-ն առաջիկայում կարող է վերանայել Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական տեխնիկա չվաճառելու` տասնամյակներով շարունակվող քաղաքականությունը: Նա այդ վաճառքի արգելքի քաղաքական բովանդակությունը նեղացրեց զենքի առեւտրի մակարդակում` հայտարարելով, որ եթե կողմերը ընտրություն ունեն, ավելի ճիշտ կանեն հրաժարվել ռուսականից: Թեպետ Բոլթոնը հարցը ներկայացրեց քաղաքական ազդեցության տեսնակյունից` պնդելով, որ երկու կողմերին զենք վաճառելու փաստացի մենաշնորհով Ռուսաստանն ազդում է համակարտության ընթացքի վրա, սակայն պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն հակամարտությունը սկսել է դիտարկել կոմերցիոն տրամաբանությունից:

Ռուսաստանի համար Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելը, առեւտուր լինելով հանդերձ, միաժամանակ երաշխավորում է աշխարհաքաղաքական կախվածությամբ: Որքան կախված են երկու կողմերը Ռուսաստանից, այնքան ականջալուր են վերջինիս «հորդորներին»: Եվ ահա ԱՄՆ-ն փորձում է առեւտրային բաղադրիչով գործնական ազդեցություն հաստատել ԼՂ հակամարտության վրա, այլ կերպ ասած` նախաձեռնել Հայաստանն ու Ադրբեջանն ամերիկյան ազդեցության գոտի տեղափոխելու բավականին տարողունակ մի քաղաքականություն: Դրա հաջողության համար տարիներ են հարկավոր, սակայն առաջին քայլը զենքի վաճառքն է: Ըստ այդմ` Բոլթոնի հայտարարության ենթատեքստն այն է, որ ԱՄՆ-ն առայժմ հետաքրքրված է զենքի վաճառքից գոյացող եկամուտներով, որը հետագայում անխուսափելիորեն կվերածվի քաղաքական կապիտալի ու աշխարհաքաղաքական ազդեցության: Դա Միացյալ Նահանգների համար պայմանավորված է ոչ միայն ֆինանսական օգուտներ ստանալու, այլեւ տարածաշրջանում ուժային ներկայություն ապահովելու կենսական նշանակությամբ` առաջնահերթորեն դիտարկելով Իրանի խնդիրը: Թրամփի վարչակազմը եւ հատկապես Ջոն Բոլթոնը Իրանը դիտարկում են ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական սպառնալիքներից մեկը, որը, անկախ մեթոդներից, պետք է չեզոքացվի: Այս տեսանկյունից Իրանի հետ սահմանին գործող ռազմական կոնֆլիկտը սեփական ազդեցության ներքո պահելն իրական հնարավորություններ կարող է բացել ԱՄՆ-ի համար Իրանի վտանգը չեզոքացնելու քաղաքականության հարցում:

Արձանագրենք, որ կոմերցիոն հետաքրքրություններից զատ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի ակնարկը` երկու կողմերին զենք վաճառելու պատրաստակամության մասին, ազդարարում է ԱՄՆ քաղաքականության լրջագույն փոփոխությունը: Նախորդ տարիներին ԱՄՆ-ն, հրաժարվելով զենք վաճառելուց, ուղղակիորեն ցուցադրում էր իր մերժողականությունը հարցի ռազմական լուծման հանդեպ: Ռուսաստանը թեպետ խոսքային մակարդակներում խոսում էր խաղաղ լուծման անայլընտրանքայնության մասին, սակայն զենք վաճառելով` ինքնին նպաստում էր կոնֆլիկտի ռազմականացմանը իր սահմանած կանոնների շրջանակներում: ԱՄՆ վերնախավը սկզբունքային էր այս առումով, որի խոսքը լիովին համընկնում էր գործին: Այժմ ԱՄՆ-ն, փաստորեն, զենք առաջարկելով, ներգրավվում է Անդրկովկասում ընթացող ռազմական մրցակցության մեջ: Ըստ էության, ԱՄՆ քաղաքական վերնախավն անուղղակիորեն ճանաչում է կոնֆլիկտի ռազմական լուծման հնարավորությունը` փորձելով դրա կառավարելիության մեջ հաստատել իր մասնաբաժինը: Բոլթոնը, այսպիսով, շարունակեց իրողությունների ճանաչման թրամփյան ընդհանուր քաղաքականությունը նաեւ Անդրկովկասում` մեծահոգաբար առաջարկելով ամերիկյան որակյալ արտադրանքը, եթե կողմերը խաղաղ կարգավորման տարբերակ չեն տեսնում:

Ն. Հովսեփյան




Լրահոս