ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոռումպացված մարդկանցով ոչ կոռումպացված հասարակարգ չես ստեղծի». Խաչատուր Քոքոբելյանը հիացած չէ Փաշինյանի կադրային քաղաքականությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական իրավիճակի եւ սպասվող զարգացումների մասին զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ

-Պարո՛ն Քոքոբելյան, ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ լրացումների տապալված նախագիծը երկուշաբթի օրը նորից քվեարկության է դրվելու: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս մասով:

-Անկեղծ ասած` այդքան էլ լավատես չեմ: Լավ կլինի նրանք, ովքեր պնդում են, որ սա նոր ընտրական օրենսգիրք է, հասկանան, որ այդպես չէ, որ այստեղից ընդամենը հանվում են այն կետերը, որոնք խիստ վտանգավոր են Հայաստանի քաղաքական դաշտի փոշիացման եւ ընտրությունները քաղաքական դաշտից տեղափոխել ռեսուրսների եւ այլ լծակների դաշտ: Ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն էր տալիս ապաքաղական, խիստ օլիգարխիկ շրջանակներին, որոշակի լծակներ օգտագործելով, շատ ձայներ կորզել եւ դրա հաշվին հայտնվել ԱԺ-ում: Այսօր Հայաստանում չկա ավելի ապաքաղակական մարմին, քան ԱԺ-ն է: Այնտեղ իհարկե կան քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ, բայց ԱԺ-ում մարդիկ կան, որ 20 տարվա ԱԺ պատգամավորներ են, բայց պապանձված են, որովհետեւ որեւէ դիրքորոշում նրանք չեն ունեցել: Աժ-ում կան մարդիկ, ովքեր ունակ չեն քաղաքական տեքստ արտասանելու: Պետք է հասկանալ, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը ոչ թե քաղաքական կապրիզի հարց է, այլ այդ համակարգի ներմուծումն է, որ Հայաստանի Հանրապետությանը բերեց նման վիճակի: Եթե այդ համակարգը պահպանվեց, դա մեծագույն վտանգ է Հայաստանի համար: Կան մարդիկ, ովքեր այսօր աքլորանում են, որովհետեւ քվեարկել են ոչ ի վնաս ժողովրդի եւ համարում են դա հերոսություն: Պատկերացրեք` որտեղ ենք հասել: Չգիտեմ` ընտրությունների ժամանակ որ օրենսգիրքը կլինի, բայց մենք պատրաստ ենք պայքարել եւ յուրաքանչյուրին ցույց ենք տալու իր ճիշտ տեղը:

-Հանրապետական կուսակցությունը կարծես ամեն ինչ անում է, որ ընտրությունների չգնանք նոր ընտրական օրենսգրքով, իսկ «Ծառուկյան» դաշինքն ու իշխող կուսակցությունը պայքարում են հակառակի համար: Ըստ Ձեզ` ո՞վ կհաղթի:

-Ես այդ խնդիրը էդպես չէի դնի: Պայքարելը միայն ձեւաթուղթ վերցնելը չէ: Ինչ է նշանակում` կուսակցությունը վերցնում է ձեւաթուղթ, որի նպատակը ԸՕ փոփոխություններ իրականացնելն է, բայց հենց խմբակցության ղեկավարը չի մասնակցում տվյալ քվեարկությանը: Նույնը կասեի «ԵԼՔ»-ի իմ գործընկերների մասին: Այդ փոքրաթիվ քանակով քվեարկությունը չէ միայն: Եւ, ինչու չէ, նաեւ կասեմ վարչապետի այսօրվա պաշտոնակատարին այն առումով, որ պետք է հետամուտ լինել, որ ձայները ապահովվեն: ՀՀԿ-ում էլ կան քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ, եւ իրենք պետք է գիտակցեն, որ իրենք էլ են հայտնվել այս վիճակում այն պատճառով, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր խիստ անձնական շահերով են առաջնորդվում: Չեմ կարող չնշել, որ ապաքաղաքական մարդը, երբ քաղաքական տեքստ է արտահայտում, առնվազն պետք է ծանոթ լինի դրա բովանդակությանը: Քվեարկողներից շատերը նույնիսկ չգիտեն` ինչ է քաղաքական համակարգը: Ես ականատես եմ եղել նրան, որ ԱԺ պատգամավորների մի մասը նույնիսկ չէր իմանում` ինչ օրենքի համար է քվեարկել: Ուզում եմ նշել, որ այսօր ՀՀ քաղաքացին այսպիսի իրավագիտակցություն ունի, որ հասկանում է՝ չի կարելի վաղվա ապագան մանրադրամի վերածել:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս