«Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը Շիրակի մարզում ևս փոխանցվեց ՀՀ կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդ մասին ազդարարվել է այսօր` հոկտեմբերի 29-ին՝ Գյումրու թիվ 15 դպրոցում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ:

ԿԳ նախարարի պաշտոնակատարին և մյուս ներկաներին նախ ծանոթացել են Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շրջանակում Շիրակի մարզում և Գյումրու թիվ 15 դպրոցում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ Շիրակի մարզում դպրոցական սննդի ծրագրում ընդգրկվել են բոլոր 147 դպրոցները, որտեղ հաճախում է 1-4-րդ դասարաների ինչպես նաև դպրոցներին կից նախակրթարանների ավելի քան 13700 սաներ, ովքեր կստանան ամենօրյա սնունդ: Նշվել է, որ Շիրակի մարզի 133 դպրոցներում նորոգվել են դպրոցների խոհանոցային տարածքներն ու ճաշարանները, դպրոցներին տրամադրվել են խոհանոցային նոր սարքավորումներ, կատարվել է խոհարարների վերապատրաստում:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ դպրոցական սննդի ծրագիրը արդյունավետ է և պետք է լինի շարունակական.« Դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը. Դա ապացուցվել է մասնագիտական տարբեր հետազոտություններով: Հայաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա կառավարությունը այս ծրագրին մեծ կարևորություն են տալիս: Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ծրագիրը հավուր պատշաճ իրականացվի. Ավելին` նպատակ ունենք շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև լուծումներ գտնել առկա խնդիրներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ տաք սննդի կազմակերպման հետ կապված դժվարություններն աշխատանքային կարգով քննարկվել են մարզպետարանների, մասնավորապես Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ և ձեռնարկվում են քայլեր դրանք կարգավորելու ուղղությամբ: Արայիկ Հարությունայնի խոսքով` ծրագիրը կարևոր է նաև այն առումով, որ դպրոցական սննդի 76 տոկոսը տեղական արտադրության մթերքն է կազմում` այդ կերպ խթանելով տեղական արտադրանքի իրացմանը:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մակ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և ՌԴ կառավարությանը` Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը մեր երկրում իրականացնելու համար: Արայիկ Հարությունյանը նաև հավաստիացրել է, որ պետական բյուջեի հանձնառությանը փոխանցվելուց հետո Շիրակում, ինչպես նաև կառավարության կողմից իրագործվող դպրոցական սննդի ազգային փուլում ընդգրկված մնացած մարզերում, ծրագիրն իրագործվում է նույն արդյունավետությամբ: Իր հերթին ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը ևս բարձր է գնահատել դպրոցական սննդի կազմակերպումը Հայաստանի մարզերի դպրոցներում և շեշտել, որ ՄԱԿ-ի հանձնառությունից կառավարությանն անցնելուց հետո ևս ծրագիրը գտնվում է հուսալի ձեռքերում:

ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Աննա Վալկովայի խոսքով` Հայաստանի հետ համագործակցութթյունն արդյունավետ է, քանի որ ծրագրում ընդգրկված դպրոցների 50 տոկոսից ավելիում տաք սնունդ է տրվում և դպրոցական սննդի տեսականին ավելացվում է:

Պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են դպրոցում, ծանոթացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում վերանորոգված և սարքավորումներով հագեցված խոհանոցի ու ճաշարանի աշխատանքին, ինչպես նաև երեխաների հետ միասին համտեսել դպրոցական ճաշը:

«Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ սկսած 2010 թ.-ից:

ՊՀԾ-ն ակտիվորեն աշխատում է իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ:

Ներկայումս ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում տարրական դասարանների 60,000 դպրոցականների Հայաստանի 10 մարզերից հինգում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է մյուս հինգ մարզերում ` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Արարատում` ընդգրկելով տարրական դասարանների 40,000 աշակերտների:Նշենք, որ նախատեսվում է եկող տարի ազգային ծրագրին փոխանցել Արագածոտնի մարզը:




Լրահոս