Ո՞վ հեռացրեց Արցախը բանակցություններից. վերհիշում է Մինսկի խմբի նախկին համանախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի վերջո, ո՞վ Արցախը հեռացրեց բանակցային սեղանից։ Գաղտնիք չէ, որ այս հարցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները մեղադրում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ հակառակը՝ ՀՀ առաջին նախագահի թիմակիցները՝ Քոչարյանին։

Օրեր առաջ «Հայոց Աշխարհ» թերթի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանը եւ սլաքներն ուղղեց կրկին դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին հայտարարություններին` Քոչարյանը նշել էր. «Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ` վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին` Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին»: Այսինքն, ըստ էության, նա նշում է, որ մինչեւ իր նախագահ դառնալն արդեն իսկ Արցախը չի եղել բանակցային սեղանին, եւ վերջին 20 տարիների ընթացքում մենք սխալ տեղեկության ենք տիրապետել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ, ով այս հարցի գիտակ է եւ մանրամասներ հիշեց տարիներ առաջ տեղի ունեցած բանակցային գործընթացից: «1992-1994թթ. բանակցություններն ընթանում էին պատերազմական գործողություններին զուգահեռ: Եվ Մինսկի խմբի ու Ռուսաստանի խաղաղարար ջանքերն այդ տարիներին առաջին հերթին ուղղված էին կրակի դադարեցմանը: Ընդգծեմ, որ սկզբնական շրջանում ԼՂ-ն մերժում էր բանակցություններին մասնակցել, քանի որ չէր հստակեցվում նրա կարգավիճակը: Եվ միայն Երեւանի հորդորներից հետո Ստեփանակերտը ներգրավվեց բանակցություններում», – հիշեց նախկին համանախագահը:

Նրա խոսքով` մայիսյան հրադադարից հետո` մինչեւ 1996թ., բանակցությունները հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայում եւ եռակողմ ֆորմատով` Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: «Այս բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել ԼՂ կարգավիճակի հարցը, այլ միայն զինված հակամարտության հետեւանքների վերացումը: Ընդ որում, սեղանն ուղղանկյունաձեւ տեսք ուներ. համանախագահների աջ կողմում Լեռնային Ղարաբաղն էր, ձախ կողմում` Արբեջանը, իսկ մեր դիմաց` Հայաստանը: Արդեն 1996-ի դեկտեմբերին ԼՂ կարգավորման հարցում ներկայացվեց երեք կետանոց մի փաստաթուղթ, որում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում ԼՂ-ի բարձր ինքնավարությունը: 1997թ. գարնանը, երբ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձեւաչափով բանակցությունների վերջին փուլը, հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց կարգավորման հիմք ընդունել 1996-ի Լիսաբոնյան երեք սկզբունքները», – նշեց նա` հավելելով, որ 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է:

Այսինքն` ըստ էության, 1997-ից առ այսօր եռակողմ հանդիպում չի եղել: Սակայն Կազիմիրովը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռոբերտ Քոչարյանը հենց Արցախից եկավ եւ դարձավ նախագահ եւ, ըստ էության, միջազգային հանրության մոտ նա ընկալվում էր նաեւ որպես Արցախի ներկայացուցիչ:

Հավելենք, որ արդեն 1999-ի գարնանը Վաշինգտոնում սկիզբ դրվեց Քոչարյան-Ալիեւ երկկողմ բանակցություններին: Սակայն նախագահների մակարդակով երկկողմ ձեւաչափով բանակցություններ են տեղի ունեցել նաեւ անցյալում. Տեր-Պետրոսյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես Այազ Մութալիբովի, Աբուլֆազ Էլչիբեյի, այնպես էլ` Հեյդար Ալիեւի հետ:

Սակայն այստեղ մեկ հետաքրքիր հանգամանք եւս կա, որի մասին մշտապես բարձրաձայնել են նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչները: Մասնավորապես, այդ տարիներին երբ պաշտոնական առաջարկներ էին լինում, դրանք ուղարկվում էին երեք մայրաքաղաքներ: Այդպես է եղել նաեւ 1998 թվականին: Այսինքն, պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղի հետ վարվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմ: Եվ արդեն քիվեսթյան բանակցությունների ժամանակ ընդհանրապես պաշտոնական առաջարկ չի տրվել Ղարաբաղին:

Ահա այսպես, Արցախը կամաց-կամաց դուրս է մնացել բանակցություններից: Ու կարելի է ասել՝ այդ գործընթացը եղել է փուլային տարբերակով: 1-ին փուլը արձանագրվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, իսկ փաստաթղթային մասով էլ բանակցությունները շարունակաբար դադարեցվել է արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք: Այդ ժամանակ համանախագահները Հայաստան այցելելիս մշտապես Արցախ են մեկնել: Բայց, անկախ ամեն ինչից, իրավիճակը նշանակում է, որ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահները հավասարապես մեղավոր են Արցախի՝ բանակցային սեղանից դուրս մնալու համար, եւ ամենեւին պետք չէ պատասխանատվությունը միմյանց վրա գցել:

Հիմա Նիկոլ Փաշինյանին եթե հաջողվի բանակցային գործընթացում ներգրավել Արցախին, նշանակում է՝ պատմական իրողություն կունենանք:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս