Լուծման բանալին կոնֆլիկտի կողմերի մոտ է. ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը կրկին լարված է: Այս գիշեր հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է եղել, որը սակայն հետ է շպրտվել:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 1992-1996 թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ:

-Պարո՛ն Կազիմիրով, արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ: Դա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ:

-Այդ ընդլայնումը կարող է ԵԱՀԿ-ի դերն ավելի ռեալ դարձնել, որովհետեւ այժմ առկա է միայն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկ եւ մի քանի մարդ, ովքեր չեն կարող հետեւել այն ամենին, ինչ կատարվում է շփման գծում: Նրանք կարող են լինել շփման գծի մի վայրում, որտեղ ամեն ինչ նորմալ է, իսկ մյուս վայրում՝ այդ նույն պահին, կարող են ինչ-որ միջադեպեր լինել:

Կամ հենց նրանք մեկնեցին այդ հատվածից, այնտեղ եւս միջադեպեր են լինում: Այսինքն` անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի ֆիզիկական հնարավորությունները շատ քիչ են, որպեսզի ապահովեն վերահսկողությունը հակամարտ զորքերի շփման գծում: Դա նույնիսկ ռեալ չէ այն պայմաններում, որ շատ են այցելություններ ունենում կամ կարող են ունենալ, բայց միեւնույն է՝ դա հարց չի լուծում: Եթե գրասենյակն ավելի ընդլայնվի, ավելի աշխատակիցներ լինեն, իհարկե, ավելի լավ կդառնա իրավիճակը, եւ ավելի հեշտ կլինի հետեւել ընթացող գործընթացներին:

Սակայն դա էլ չի լուծում խնդիրը, այն լուծում է ստանում մայրաքաղաքներում՝ Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում: Այնտեղ պետք է լինեն որոշիչ քայլեր, որպեսզի ապահովվի կրակի դադարեցման ռեժիմը, պահպանվի շփման գծի ողջ երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին եւս: Միջնորդների դերը չնչին է, գլխավորը կայանում է նրանում, թե ինչպիսի դիրքորոշում ունեն կոնֆլիկտի կողմերը:

-Սակայն մենք գիտենք, որ առաջին անգամ չէ՝ Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա հրաժարվում դրանից: Եթե գրասենյակի ընդլայնումը դրական ազդեցություն է ունենալու, կարո՞ղ ենք համոզված լինել, որ Ադրբեջանն ի վերջո կգնա այդ քայլին:

-Ես չգիտեմ Ադրբեջանի դիրքորոշումը եւ չեմ կարող կարծիք արտահայտել այդ առումով: Սակայն խնդիրը կայանում է կողմերի պայմանավորվածությունները կատարելու ունակության մեջ: Եթե կողմերն ինչ-որ բանի մասին պայմանավորվում են, այս դեպքում՝ Բաքուն, եթե ինչ-որ բան ստորագրում է, ապա պետք է կատարի այն: Հարցը միայն դրանք ստորագրելը չէ, այլ դրանց կատարման մեջ գործնականում: Ցավոք սրտի, Բաքվի կողմից բազմաթիվ ապացույցներ են եղել պայմանավորվածությունները չկատարելու կարողության մասին: Այս կերպ հնարավոր է պայմանավորվել ամեն ինչի մասին եւ ոչինչ չկատարել:

-Դուք Ձեր խոսքում նշեցիք, թե որոշումները կայացվում են մայրաքաղաքներում: Ի՞նչ նկատի ունեիք, եւ ի՞նչ քաղաքականություն պետք է լինի:

-Հարցն այն մասին է, որ, իհարկե, շփման գծում կարող են նաեւ պատահականորեն միջադեպեր լինել՝ որեւէ մեկն անհաջող կրակել է, մեկ ուրիշը մոլորվել է ու անցել մյուս կողմ … դա չպետք է բացառել, սակայն, եթե մայրաքաղաքներում կոշտ դիրքորոշում եւ մտադրություն ունի կրակի դադարեցման պայմանավորվածությունների շուրջ, ապա նույնիսկ փոքր միջադեպը չի կարող վերածվել մեծ հակամարտության:

Օրինակ բերենք 2016 թվականի ապրիլը, արդյո՞ք այն կարող եք համարել պատահականություն, իհարկե ո՛չ, այն օպերացիա էր, որն իրականացրեց Ադրբեջանի ղեկավարությունը` ինչ-որ նպատակներ հետապնդելով՝ ցանկանալով ցույց տալ իրենց մարտունակությունը, որ նրանք չեն կարողանում համակերպվել ստատուս-քվոյի հետ, եւ այլ պատճառներ: Բայց չէ՞ որ դրանք հակասում են այն պարտավորություներին, որոնք նրանք ձեռք են բերել` կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրելով:

-Հենց այս օրերին սահմանին կրկին լարված է, նախօրեին էլ, երեկ էլ դիվերսիոն-ներթափանցման փորձ է եղել: Օրեր առաջ էլ հայտնի դարձավ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման մասին: Արդյո՞ք դա չի հակասում ՌԴ-ի կողմից խաղաղության միտված քայլերին:

-Ես տեղյակ չեմ, թե Ադրբեջանն ինչ պայմաններով է ՌԴ-ից սպառազինություն գնում: Ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի, որ Հայաստանը եւ ՌԴ-ն ունեն շատ սերտ համագործակցություն, իսկ հույս ունենալ ինչ-որ առանձին, տեղական օպերացիայի Արցախի հարցով, դա միամտություն է: Յուրաքանչյուր դեպքում այդ ամենին կմիջամտի Հայաստանը, ովքեր պարտավորություններ ունեն: Այնպես որ, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է մտածի այդպիսի արկածախնդրության հնարավոր լայն հետեւանքների մասին:

-Ամեն դեպքում հակամարտությունը ձգվում է 20 տարուց ավելի: Որտե՞ղ է լուծման բանալին:

-Այս կոնֆլիկտի լուծման բնական ճանապարհ է առկա` կողմերի պարտավորությունները չօգտագործել որպես ուժ կոնֆլիկտի լուծման շուրջ բանակցությունների ընթացքում, բոլոր հարցերը լուծել բանակցային ճանապարհով: Հենց սա ինչ-որ կերպ կարող է դուր չգալ նաեւ հայկական կողմերին, քանի որ, եթե հստակ պայմանավորվածություն լինի եւ միջազգային երաշխիք, որ կոնֆլիկտը չի կարող ստանալ ուժային լուծում, ապա այդ ժամանակ հայերը ստիպված կլինեն ինչ-որ տարածքներ տալ Ադրբեջանին:

Եվ թվում է, որ դա Ադրբեջանի համար հաղթական տարբերակ է, քանի որ այն, ինչ կատարվում է հիմա…Ադրբեջանը ոչ մի հնարավորություն չունի վերադարձնելու վերահսկողությունն այն տարածքների հանդեպ, որոնք հայտնվել են հայերի վերահսկողության ներքո: Եվ այդ պարագայում Ադրբեջանի համար հաղթական տարբերակ է ընդունել եւ կատարել ուժային միջոցների չդիմելու պարտավորությունը: Սա հայերին կստիպի ինչ-որ տարածքներ վերադարձնել, բայց դա ձեռք չի տալիս Ադրբեջանին, եւ նրանք այլ քաղաքականություն են վարում, ընդ որում՝ հակառակ, հատուկ սրելով իրավիճակը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս