ՀԱՐՑ. Երեխաս ծնվել է ապրիլ ամսին: Խնամքի համար նախատեսված 18.000-ականները սկսել եմ ստանալ շատ ուշ: Խնդրում եմ ասեք` ինչո՞ւ եմ այդքան ուշ ստացել, ընդհանրապես, որքա՞ն ժամանակ հետո են ստանում այդ գումարը:
Արմինե Թորոսյան(29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը: Նշված ժամկետից հետո դիմում ներկայացնելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ելնելով վերոգրյալից` մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը խնամքի նպաստի իրավունք ունի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում դիմելու դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: