ՀԱՐՑ. Ես ավանդ ունեմ իմ անունով: Խնդրում եմ` ասեք` երբ կարող եմ ստանալ իմ գումարը: Խնդրում եմ պատասխանել կոնկրետ` երբ կհասնի ավանդը ստանալու իմ հերթը:
Խաչատուր Ավետիսյան (ք. Երեւան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ավանդների փոխհատուցման համար նախ պետք է քաղաքացին հաշվառվի ավանդի փոխհատուցման համար: Գրանցվելու իրավունք ունեն հետեւյալ կարգավիճակներից որեւէ մեկն ունեցող անձինք`
1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպեսզի հարցին տրվի հստակ պատասխան, քաղաքացի Խ. Ավետիսյանը պետք է ներկայանա տարածքային գործակալություն եւ տեղում կարգավորի ավանդի հատկացման խնդիրը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: