Նոյեմբերի 2-3-ը Մոսկվայում կազմակերպված համաժողովում կկայանա բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի` ԱԻԲԱ-ի նախագահի ընտրությունը, որ համախմբում է սիրողական բռնցքամարտիկներին: Պայքարը ընթանալու է Ուզբեկստանի թեկնածու Գաֆուր Ռախիմովի եւ Ղազախստանի թեկնածու Սերիկ Կանակբաեւի միջեւ:
Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը այդ ընտրություններում քվեարկելու է Գաֆուր Ռախիմովի օգտին: Ըստ երեւույթին, ընտրությունները կարող են իրենց հերթին բացասական դեր խաղալ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ հարաբերությունների վրա, մի երկիր, որտեղ ՀՀ-ն սփյուռք ունի: Ավելին, ՀՀ-ն ու Ղազախստանը համագործակցում են ոչ միայն մշակույթի, կրթության, գիտության, հումանիտար ոլորտներում, այլեւ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն:
Ու հիմա այս հարցում ՀՀ դիրքորոշումը կարող է միանշանակ չընկալվել Ղազախստանի իշխանությունների կողմից: Առավել եւս, երբ Ուզբեկստանի թեկնածու Գաֆուր Ռախիմովը հայտնի է ոչ միայն սպորտի աշխարհում, այլ հայտնի է որպես հաջողակ գործարար` մութ կենսագրության էջերով: Նրա անունը կապվում է թմրամիջոցների բիզնեսի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` նա վերահսկում էր Ուզբեկստանում բամբակի արտադրությունը, ինչպես նաեւ զբաղվում հերոինի տեղափոխմամբ Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ: Այս ընտրությունը կարող է չար կատակ խաղալ այս սպորտաձեւի ճակատագրում: Հնարավոր է, որ միջազգային օլիմպիական կոմիտեն, որը դեմ է Ռախիմովին, 2020 թ. Օլիմպիական խաղերի ծրագրից հանի բռնցքամարտը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին խոսել է նախագահ Արթուր Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գեւորգյան, եթե Ռախիմովը ընտրվի, հնարավոր է` միջազգային օլիմպիական կոմիտեն 2020 թ. Օլիմպիական խաղերի ծրագրից հանի բռնցքամարտը: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Չեմ կարող ասել` ինչ է հնարավոր, ինչը` անհնար: Այս պահին կան որոշակի հակասություններ նրանց միջեւ: Բոլորն էլ գիտեն դրա մասին: Բայց եկեք չմոռանանք, որ բռնցքամարտը ամենադիտարժան մարզաձեւն է, հեռուստատեսությամբ ամենաշատ դիտված, ամենաշատ հանդիսատես ունեցող մարզաձեւն է ամբողջ օլիմպիական խաղերի: Այստեղ ավելի շատ հեղինազրկվելու խնդիր ունի ՄՕԿ-ը:
Այն ժամանակ, երբ Հայաստանի ֆեդերացիան տվել էր իր ստորագրությունը Գաֆուրի թեկնածությանը աջակցելու համար, ղազախական կողմը գտնվում էր նույն թիմի մեջ: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Սերիկ Կանակբաեւի հետ: Անկախ ամեն ինչից` մեր հարաբերությունները չեն սրվում:
-Չե՞ք կարծում, որ այդ ընտրությունները կազդեն Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների վրա:
-Մեր հարաբերությունները երբեք փայլուն չեն եղել եւ փայլուն չեն Ղազախստանի հետ: Նա միշտ աչքի է ընկել իր հակահայկական դիրքորոշմամբ: Չեմ ուզում սպորտը խառնել քաղաքականության հետ եւ պետք չէ այդպես անել: Մենք ընդամենը որոշում ենք բռնցամարտի ապագան, ընտրում ենք այն մարդուն, ով հնարավորություններ ունի համախմբելու բռնցքամարտի աշխարհին: Մենք այս տարիների ընթացքում Ղազախստանում մի շարք մրցաշարեր ենք տեսել: Այն երբեք իր արդարությամբ աչքի չի ընկել:
– Գաֆուր Ռախիմովի անունը բազմաթիվ անգամներ կապվել է սկանդալային պատմությունների հետ: Որեւէ մտավախություն չունե՞ք դրա հետ կապված:
-Ամեն ասեկոսեներին չի կարելի հավատալ: Ես որքանով որ ճանաչում եմ իրեն, ինքը շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա: Նույնիսկ եթե ընտրվի ղազախական կողմը, մենք դրանից չենք տուժում: Բայց մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը:
Լուսինե Մինասյան