Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է ամուսնու թոշակից որոշ մաս փոխանցվի կնոջ թոշակի գումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ ընդամենը 16.000 դրամ: Ամուսինս ստանում էր ավելի բարձր թոշակ, քան ես: Ուզում եմ իմանալ` հնարավո՞ր է ամուսնուս թոշակից որոշ մաս փոխանցվի իմ թոշակի գումարին: Նշեմ, որ ես չեմ աշխատում:

Պետրոսյան Նունե (Նուբարաշեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տրվում է հաշմանդամ ճանաչված ամուսնուն, եթե չի աշխատում:

Եթե անձը ամուսնու մահվան օրվա դրությամբ ունեցել է հաշմանդամություն, ապա հաշմանդամության նպաստի փոխարեն կերակրողին կորցնելու դեպքում (ամուսնու գծով) կենսաթոշակ նշանակելու հարցով պետք է դիմի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագիրը, հանրային ծառայության համարանիշը, ամուսնության վկայական, ամուսնու մահվան վկայականը, անհրաժեշտության դեպքում` այլ փաստաթղթեր):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:   




Լրահոս