ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր: Փաշինյանը կարեւորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ կհաղորդեն Սփյուռքի եւ սփյուռքահայ քաղաքական կառույցների հետ հարաբերություններին:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ում Հնչակյան անունով այլ կուսակցություն էլ կա, որը ՍԴՀԿ-ից առանձնացված թեւն էր: Խոսքն ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը այս հանդիպման մասին խոսել է Լյուդմիլա Սարգսյանի հետ։
-Տիկի՛ն Սարգսյան, ինչպե՞ս ընդունեցիք այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴՀԿ վարչության անդամներին։
-Նորմալ եմ նայում դրան։ Որեւէ արտառոց բան չկա, դրանից հետո որեւէ հետեւանք չի լինելու։ Այդպիսի հանդիպումներ միշտ եղել են իշխանությունների հետ։ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները տարբերվում են Հայաստանում ծավալվող ներքաղաքական հարաբերություններից։ Այդ հանդիպմամբ ցանկացել են իրենց աջակցությունը հայտնել Փաշինյանին։
-Ձեր եւ այդ թեւի մեջ հակասություններ չկա՞ն։
-Մեր եւ այդ թեւի մեջ որեւէ հարաբերություն չկա։ Բայց ինչ նորմալ է, պիտի ասես, որ նորմալ է։ Համբիկ Սարաֆյանը կենտրոնական վարչության այն քիչ հնչակյաններից է, ում նկատմամբ շարունակում եմ պահպանել իմ հարգանքը։
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը հենց այդ կողմի լեգիտիմությունն է ընդունում։
-Լեգիտիմության հարց չկա։ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը Սփյուռքում գոյություն ունեցող հնչակյանների միավորման կենտրոնական վարչությունն է։ Հետեւաբար ի՞նչ կա լեգիտիմության ճանաչման։ Ես բավականին առողջ մարդ եմ, որ լավ երեւույթին լավ գնահատական տամ, վատին` վատ։ Շատ նորմալ եմ համարում։
Լ.ՄԻՆԱՍՅԱՆ