Շիրակի մարզում Ներդրումները ջուրն են լցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Վարդաքար գյուղում 7,5 կմ երկարությամբ կառուցված նոր ջրագծերը մասամբ են շահագործվում: Մի քանի միլիոնի կատարված ներդրումները ջուրն են լցվել: Աշխատանքները կատարվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվերով եւ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ջրահեռացման եւ ջրամատակարարման նոր համակարգը պետք է որ գյուղում մոռացնել տար խմելու ջրի ու ոռոգման խնդիրը: Բայց դա ընդամենը ժամանակավոր էր:

Ըստ ներկայացված նախագծի` պետք է կատարվեր 7,460 կմ ընդհանուր երկարությամբ տրամագծերի պոլիէթիլենի խողովակներով ջրագծերի կառուցում, նախատեսված էր նաեւ 200 ջրաչափական հորերի տեղադրում, երեք փականային կարգավորման հանգույցների, յոթ թաղված փականային հանգույցնեի կառուցում, ինչպես նաեւ իրականացվելու էր մոտ 200 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորման ջրամբարի վերանորոգում: Աշխատանքները ոչ լիովին, բայց ավարտված են, սակայն ընդունում-հանձնում չի եղել: «Հայջրմուղկոյուղին» այժմ փաստացի լուծարված է, գյուղը սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ընկերությունից սակայն պատասխանում են, որ իրենց փաստաթղթեր չեն հանձնվել, եւ կառույցը չի հանդիսանում խնդրի պատասխանատուն:
Վարդաքարի գյուղապետը մեր հետ զրույցում վստահեցրեց աշխատանքների ընդունում եւ հանձնում չի եղել, եւ ինքն էլ չգիտի` ում դիմել խնդրի կարգավորման համար․ «30 տարի ջրագծերը քայքայված ու շատ վատ վիճակում են եղել: Վերջապես գյուղի բնակչությունը ուրախ էր, որ ծորակից հոսող ջուր կունենանք: Բայց ուրախությունը կարճ տեւեց, ձմռանը ջրագծերը սառեցին, ու մինչեւ մայիս ջուր չկար գյուղում: Ասում են` գյուղապետը պետք է հոգա խնդիրները, ես ինչ կապ ունեմ, ոչ ընդունել, ո՛չ էլ հանձնել են»,-ասաց Վարդաքարի համայնքապետը:
Օրվա կարգավորիչ ջրամբարների հետ կապված խնդիր եւս կա, ըստ նախագծի` պետք է վերնորոգվեր, սակայն ոչ մի գործ չի կատարվել: «Շիանարարը բերել, ասում է` ակտը ստորագրեք, բայց ես հրաժարվեցի: Եթե չեն վերջացրել, ո՞նց ստորագրեմ, ես այդ ջրից մեկ բաժակ էլ չեմ խմել, ոնց գնամ, հետո պատասխան տամ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանը:

Շիրակի մարզպետարանից էլ պատասխանցին, որ աշխատանքների հետ որեւէ առնչություն մարզպետարանը չունի եւ պատասխանատվություն էլ չի կրում: Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը խնդրին տեղյակ էր, սակայն աջակցել համայնքապետին այս պարագայում չի կարող:
Խնդրով համայնքապետը պետք է դիմի Ջրային պետական կոմիտե, որպեսզի կատարվի ընդունում եւ հանձնում, ինչից հետո էլ անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել պարզելու` ինչն է աշխատանքների ոչ լիովին ավարտման պատճառը: Իսկ այն, որ ջրագծերն անորակ են, գյուղաբնակներ են վստահեցնում: Առաջիկայում ձմեռ է, իսկ ջրագծերի սառցակալելը անխուսափելի է:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս