ՀԱՐՑ. Եթե անձն աշխատանքից ազատվել է, ապա նրա սոցիալական փաթեթի դադարեցման ամիս ո՞րն է հաշվարկվում:
Լիլիթ Վանյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից:
Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքից` սոցիալական փաթեթի գումարները (իր դրույքի (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով) շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը (օրինակ, եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար:
Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողի` աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: