ՖՈՏՈ․ Պահանջում են Շիրակի Թեմի առաջնորդի վերադարձը հասարակական կյանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանին ակտիվ հասարակական կյանք վերադարձնելու ուղղությամբ նախաձեռնություն է սկսվել: Հեղինակները հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ ակտիվ երիտասարդներն են: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա փետրվարին տարաձայնություններ եղան Ախուրյան համայնքի մի խումբ բնակիչների ու Սրբազանի միջեւ: Ըստ տարածված լուրերի` Սրբազանը թույլ չէր տվել սահմանին զոհված զինվորի դին դնել եկեղեցում, սակայն հետագայում պարզվեց, որ դա ընդամենը հերյուրանք է: Միքայել Եպիսկոպոսը ընդամենը առաջարկել էր` եթե զինվորը մկրտված չէ, նրա աճյունը չդնել եկեղեցում. այդպես է եկեղեցական կարգը: Դեպքից հետո էլ եղան մեղադրանքներ` ուղղված Սրբազան հորը, վերջինս, վիրավորված իր թեմից, լռության ուխտ արեց ու արդեն մի քանի ամիս է` Միքայել Սրբազանն անցել է պասիվ կյանքի:

«Մերօրյա Հայաստանի խնդիրներն, իմ համոզմամբ, ունեն ոչ միայն քաղաքական դրդապատճառներ: Այսօր հայ ազգն ունի ազգասեր, բանիմաց թե՛ հոգեւորականների ու թե՛ մտավորականների պակաս: Այնպես է ստացվել, որ Շիրակի թեմի առաջնորդն այն եզակի անհատներից է, ում կարելի է դիտել ե՛ւ որպես արժանի հոգեւորական. ե՛ւ որպես մտավորական: Վերջինիս հոգեւոր ծառայությունն` իբրեւ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս, թերագնահատել կարող են միայն երկարամյա նրա գործունեությունից անտեղյակ մարդիկ:

Մի մարդ, ով ունի ահռելի Աստվածագիտական գիտելիքներ` միաժամանակ տիրապետելով 6 լեզվի, մի մարդ, ում ցեղը դարեր շարունակ հայ ազգին է տվել բազմաթիվ հոգեւորականներ, այսօր ըստ արժանվույն գնահատված չէ: Այս տարիների ընթացքում, սակայն, նա արել է ավելին, քան իրենից պահանջվում էր: Վերջինս չի սահմանափակվել միայն հոգեւոր գործունեությամբ, ժողովրդի համար ամենադժվար ու պատասխանատու պահերին նա եղել է իրադարձությունների կիզակետում», մեր հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Սրտաշյանը:

Այն, որ Սրբազանը նաեւ ակտիվ է եղել հասարակական կյանքում, գաղտնիք չէ: Հասարակությունը բազմիցս ականատես է եղել: Հիշենք թեկուզ լուսահոգի Ավետիսյանների սպանությանը նախորդող խառնակ վիճակները Գյումրիում, երբ հունից դուրս եկած գյումրեցիներին ոստիկանության հետ բախումներից հետ կարողացավ պահել հենց Աջապահյանը՝ կանխելով արնահեղությունը. «Նրանք, ովքեր այդ օրերին եղել են Գյումրիի փողոցներում, կհիշեն, թե ինչպես սրբազանը կանգնեց դատախազության վրա թափվող քարերի տարափի տակ թեկուզ սեփական արյամբ սաստելու խռովված ժողովրդին»,- ասաց Վարդան Սրտաշյանը:

Սրբազանը նաեւ ակտիվ է եղել սոցիալական ոլորտում. հիշենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում նրա ծավալած ակտիվ գործունեությունը: 19 տարի շարունակ էլ իր վարած «Եղիցի լույս» հաղորդումը եւս հասարակության հոգեւոր կյանքի ակտիվացման համար էր:

«Մենք մեր անհեռատեսությամբ, մեր անտարբերությամբ խորը վիրավորանք ենք հասցրել այդ մարդուն ու ըստ արժանվույն չենք գնահատել նրա վաստակը: Իհարկե, մենք մեռելասեր ազգ ենք, գնահատում ենք մարդկանց միայն մեռնելուց հետո, այս արատավոր մոտեցումը պետք է փոխել: Մենք զարմանալիորեն չենք սիրում իրար, մնացել ենք մի բուռ ժողովուրդ` այն էլ բաժանված առանձին կղզիների: Հիմա ես ու իմ ընկերները որոշել ենք մեր հնարավորության չափով նպաստել այդ բաժանման վերացմանը: Մենք փորձելու ենք կամրջել իրարից անջատ հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին, այդ իսկ պատճառով մեր նախաձեռնությունը անվանել ենք քրիստոնեական կամուրջ: Ու առաջին քայլը, որ փորձում ենք հիմա անել, դա Շիրակի թեմում ստեղծված անարդար վիճակի վերացումն է: Բնավ կարեւոր չէ, թե ինչ խնդիրներ են եղել նախկինում, մենք անցնում ենք առաջ` մոռանալով տարաձայնությունները: Միքայել եպիսկոպոս Աջապահյանին կրկին ակտիվ կյանք վերադարձնելը, հասարակական գնահատանքը նրա նկատմամբ ցուցադրելը լինելու է մեր առաջին քայլը»:

«Սրբազանի վերջին ամիսների պասիվությունը իր դառը հետեւանքներն արդեն իսկ թողել է: Շիրակի մարզը միշտ համարվել է ավանդապաշտ ու քրիստոնեական ամուր, երբեմն դոգմատիկ արժեքներ ունեցող մարզ, ու այժմ այստեղ ակտիվանում են հակաքրիստոնեական ուժերը: Սրբազանի պասիվությունից այսօր ուրախացել են մի շարք անհատներ, քանի որ վերջինիս հեղինակություն վայելող խոսքը շատ դեպքերում եղել է որոշիչ ու խափանել է ոմանց ապազգային նկրտումները: Գիտենք, թե ինչպիսի արժեքային մարտահրավերների առաջ է կանգնած ողջ աշխարհը, ինչպես նաեւ մեր երկիրը: Այդ մասին խոստովանեց վերջերս անգամ երկրի վարչապետը: Ու այս պայմաններում չունենալ հոգեւոր առաջնորդ, ով կռիվ կտա ազգային արժեքների համար, անթույլատրելի է: Սրբազանը կարծում է, որ իր կարիքը ժողովուրդը չունի, այնինչ, հակառակը, մենք բոլորով պետք է փաստենք, որ նա մեզ այժմ անհրաժեշտ է այնպես, ինչպես երբեւէ»,-եզրափակեց նախաձեռնության անդամ Վարդան Սրտաշյանը:

Հ․ Գ․ Շիրակի թեմի հավատացյալները այսօր հավաքվել են Սուրբ Յոթվերք եկեղեցու դիմաց եւ հանդիպել թեմի առաջնորդ Միքայել Եպ. Աջապահյանի հետ: Քաղաքացիները կոչ են արել, հորդորել ու պահանջել թեմի առաջնորդից անցնել նախկին հասարակական ակտիվ աշխատանքին՝ նպաստելով հայ ազգի դեմ ծառացած խնդիրների լուծմանը: Սրբազան հայրը լսել է հավատացյալներին, այնուհետ միասնական աղոթք է հնչել առ Աստված: Շիրակի թեմը հույս ունի, որ վաղը թեմի առաջնորդը սուրբ Հրեշտակաց տոնին կմասնակցի պատարագին ու հանդես կգա քարոզով:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս