Հանցագործության դեպքերի ավելացումը՝ համաներման հետեւա՞նք. ինչ հրահանգ ունեն իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ հետաքննիչները, քննչական կոմիտեի քննիչները, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է, ինչ գերլարված են աշխատում, ավելին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները երեք օր է, ինչ չեն կարողանում տուն գնալ:

Այն, որ ուժային կառույցների ղեկավարները մինչ համաներման նախագիծը ուժի մեջ մտնելը նշել էին, որ իրենց գործը բարդանալու է այս օրերին, իրականություն է դառնում: Մանավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասել էր, որ ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է աշխատեն շատ ուժեղացված ռեժիմով, քանի որ համաներման ենթարկվող քաղաքացիների մեծամասնությունը շարունակելու է իր հանցավոր գործունեությունը, իսկ ահա ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել էր, որ չի բացառում, որ նրանց մեջ կլինեն այնպիսինները, որոնք կրկին հանցագործություններ կկատարեն. «Այս առումով մեր աշխատանքը բարդանալու է»:

Ի դեպ, ուսումնասիրելով 2013 թվականի համաներումից հետո երկրում գրանցված հանցագործությունների թիվը` զարմանալի պատկերի առաջ ենք կանգնում: Ըստ վիճակագրության տվյալների` 2012 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ամիսը ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը եղել է 14 հազար 124, սակայն համաներումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, դրանք կտրուկ ավելացել են:

2013 թվականին գրանցվել է 16 հազար 932 հանցագորություն, 2014 թվականին` 16 հազար 047, 2015 թվականին` 15 հազար 467, 2016 թվականին` 16 հազար 983, 2017 թվականին`17 հազար 898, իսկ 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին նույն ժամանակահատվածում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը եղել է 12 հազար 484:

2018 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանում ուժի մեջ մտավ համաներման մասին օրենքը, սակայն ինչպես նկատում ենք համաներման հետեւաքները խառնաշփոթ են ստեղծել իրավապահ համակարգում, քանի որ ամեն օր տասնյակ հափշտակությունների, գողությունների դեպքեր են արձանագրում, թե ինչպես են գողանում մարդկանց մեքենաները, թալանում բնակարանները:

Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` տարբեր քննչական վարչությունների քննիչներ պատրաստվում են դիմել իրենց ղեկավարներին, որպեսզի վերջիններս հայտարարություն տարածեն, որ քաղաքացիները խուճապի չմատնվեն, սակայն զգոն ու խիստ, ուշադիր լինեն իրենց բնակարանների, մեքենաների, պայուսակների եւ այլ կաեւոր անհրաժեշտ իրերի նկատմամբ:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ հասան, որ իրավիճակը այն աստիճան է թեժացել, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն երեք օր է, ինչ տուն չեն գնում՝ ամեն րոպե սպասելով ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Քրեական հետախուզությունը միշտ է ծանրաբեռնված աշխատում հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման նպատակով, իսկ ինչ վերաբերում է համաներման հետեւանքով հանցագործությունների աննախադեպ աճին, ապա դա իրականությանը չի համապատասխանում»:

Նշենք նաեւ՝ համաներման արդյունքում նոյեմբերի 13-ի ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 465 անձ:

Քնար Մանուկյան




Լրահոս