Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց 270 միլիոն 858 հազար դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը, որն ուղղվելու է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը իր խոսքում նշեց, թե հրատապ հիմնանորոգման կարիք ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, արտաքին պարիսպը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրամատակարարման ցանցն ու ջրահեռացման ցանցերը, սանհանգույցները, «Սեւան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը։ Իր հերթին պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն էլ հետաքրքրվեց, թե գնման ինչ ընթացակարգով է իրականացվելու այդ։ Նա դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, նշեց․ «Մինչ օրս դա արվել է «Աջակցություն դատապարտյալներին» ծրագրի միջոցով: Այս պահին եւս շինարարություն է իրականացվում: Այստեղ խնդիրներ կան, որոնք ես ձեզ ավելի մանրամասն կներկայացնեմ, ուղղակի մեզ հասած ինֆորմացիա կա, որ այդ հիմնադրամի միջոցով է իրականացվելու: Դրա համար այդ ռիսկերը բացառելու համար հարցը բարձրացվեց»:
Նիկոլ Փաշինյանն էլ շարունակեց. «Ես ձեզ ուրիշ ռիսկերի մասին էլ ասեմ: ՔԿՀ-ներում կան ավանդույթներ, որոնցից մեկի համաձայն, երբ բյուջեից գումար է հատկացվում, ես չգիտեմ, դուք դրա մասին գիտեք, Պարոն Զեյնալյան, թե ոչ, բայց քանի որ թեման հասավ դրան, ասենք, որ երբ բյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ-ներում որեւէ աշխատանք կատարելու համար, այդ աշխատանքը շատ հաճախ կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին: Համենայնդեպս, իմ՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում մի քանի այդպիսի երեւույթներ նկատել եմ», – նշեց նա։