ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու ՀՅԴ-ի կարկառուն ներկայացուցիչները չկան ընտրացուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցում է 152 թեկնածուներից բաղկացած ցուցակով: ՀՅԴ-ն գրեթե միշտ ներկայանում էր հաստատուն եւ չփոփոխվող ցուցակով, որտեղ անցողիկ տեղերում հիմնականում կարկառուն դաշնակցականներն են: Սակայն հետաքրքիր է, որ այս անգամ ցուցակն ուսումնասիրելիս հետաքրքիր պատկերի ականատես եղանք:

Մասնավորապես, ընտրացուցակից բացակայում են տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը, նրա որդին` Սերգեյ Լոքյանը, որ նախորդ տարի վարկանիշային թեկնածու էր, կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, ինչպես նաեւ Միքայել Մանուկյանը, որ ընդամենն ամիսներ առաջ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածուն էր: Թե ինչու վերը նշված անձինք չկան ցուցակում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ համար Արսեն Համբարձումյանից:

«ՀՅԴ համամասնական ցանկը մշտապես ենթարկվել է տարբեր փոփոխությունների: Եվ հենց այս հանգամանքն այդ տեսանկյունից պետք է դիտարկել: Նրանք ընդհանուր թիմի կազմում լիարժեք ներկայացված են, մասնակցելու են քարոզարշավին, պարզապես ցանկացած քաղաքական գործչի մոտ գալիս է մի պահ, երբ մեծ ակտիվություն ցուցաբերելուց մի որոշ ժամանակ փորձում է զերծ մնալ», – նշեց նա: Դիտարկմանը` ստացվում է` իրենք չեն ցանկացել լինել ցուցակում, այլ ոչ թե կուսակցությունը չի առաջարկել, Համբարձումյանը նկատեց. «Այո, դա եղել է համախոհաբար կայացված որոշում»:

Մինչ այդ նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նաեւ փորձություն են լինելու այս կուսակցության համար: Գաղտնիք չէ, որ նախորդ տարիներին ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ եղել է կա՛մ կոալիցիայի մեջ, կա՛մ ընդդիմություն, եւ ընտրություններում ստացված ձայներն էլ հենց դրա արտացոլանքն է եղել: Դա հասկանալու համար պարզապես պետք է ուսումնասիրել, թե տարբեր ընտրություններում որքան է եղել ՀՅԴ-ի ստացած քվեները, եւ դրանք ինչ փոփոխությունների են ենթարկվել` կախված կոալիցիայի կազմում լինել-չլինելուց:

Այսպես, խորհրդարանական ընտրություններում «Դաշնակցության» պատմությունն այսպիսինն է. 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ստացել էր 84 հազար 232 քվե: Այս ընտրություններում ընտրողների մասնակցության թիվը եղել է 1 մլն 137 հազար: Այդ տարի կազմավորված խորհրդարանում «Դաշնակցությունն» ունեցել է 10 պատգամավոր, որոնցից 5-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրված եղել: 2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ ընտրություններում այդ ժամանակ փաստացի իշխանության մաս կազմող «Դաշնակցության» քվեների թիվը կազմել է 136 հազար 270: Այս ընտրությունների արդյունքում կազմավորված խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 11 պատգամավոր, որոնք բոլորն էլ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակով էին մանդատ ստացել:

2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցության» քվեների թիվը կազմել է 177 հազար 907: Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում «Դաշնակցությունն» ուներ 16 պատգամավոր, կրկին բոլորը համամասնական ընտրակարգով: Իսկ ահա 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում «Դաշնակցության» քվեներն արդեն կազմեցին 85 հազար 544: Այս ընտրություններից հետո «Դաշնակցությունը» մի կերպ կարողացավ խորհրդարան անցնել:

Իսկ արդեն 2017 թվականին ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 048 ձայն եւ 7 պատգամավորով էր ներկայացել խորհրդարան, որից երեքը պատգամավոր էին վարկանիշային ընտրակարգով: Եվ ՀՅԴ-ի հույսը մշտապես եղել է ՀՀԿ-ի աջակցությունը, եւ հաջողվել է մուտք գործել խորհրդարան: Եվ ընտրության արդյունքներով կամ այլ հարցերով պայմանավորված` ՀՅԴ-ն մի քանի անգամ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, ապա դուրս եկել: Այսպիով, ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել չորս անգամ՝ 2003, 2008, 2016 (դրա շարունակությունն էր 2017թ. վերակնքված կոալիցիոն հուշագիրը) եւ 2018 թվականներին: Եվ հետաքրքիր է, որ ՀՅԴ ներկայացուցիչները մշտապես հայտարարել են, թե չեն լինի մի կոալիցիայում, որի կազմում իրենց ձայնը որոշիչ չէ, սակայն այդ չորս կոալիցիաների ժամանակ էլ թելադրողը միշտ էլ ՀՀԿ-ն է եղել, վերջին անգամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»:

Եվ նախորդ տարիներին ՀՅԴ-ի հետ կոալիցիան կամ համագործակցությունը երկուստեք էր ձեռնտու, այդ թվում ՀՀԿ-ին: Օրինակ, 2008թ. կոալիցիայում ՀՅԴ-ի, նաեւ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայությունը ՀՀԿ կողքին անհրաժեշտ էր լեգիտիմացնելու մարտի 1-ի ոճրագործությունը: 2016թ. կոալիցիայում ՀՅԴ ներկայությունը ՀՀԿ-ին պետք էր լեգիտիմացնելու սահմանադրական կեղծված հանրաքվեն: Իսկ ահա վերջին քաղաքական համագործակցությունն էլ փլուզվեց թավշյա հեղափոխության օրերին, երբ ժողովրդի հաղթանակն ակնհայտ էր, եւ ՀՅԴ-ն շտապեց խզել կապերը ՀՀԿ-ի հետ ու միանալ Փաշինյանին: Եվ գալիք ընտրությունները միակն են լինելու, որտեղ անզոր է նույնիսկ ՀՀԿ-ն, իսկ թավշյա հեղափոխությունն ու մարդկանց տրամադրություններն էլ ավելի են փոքրացնում խորհրդարան անցնելու հնարավորությունները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս