Աշնանացան` ձմեռնամուտին. ինչ վիճակ է Տավուշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքներում կատարվել է 2550 հեկտար աշնանացան, աշնանացանի համար ընդհանուր առմամբ կատարվել է 3600 հեկտար վար: Տավուշում անձրեւային եղանակ է, հողը`թաց, սակայն մարզպետարանի վարչության պետը վստահ է, որ հետո մի քանի օր արեւային եղանակ կլինի, վարած հողերի թմբերը կհարթվեն, եւ այդ հողերում աշնանացան կկատարվի:

Գյուղատնտեսների կարծիքով` աշնանացանի համար լավագույն ժամանակաշրջանը սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 15-ն է, երբ արտերից ծիլը բարձրանում է, բույսը կարողանում է աճել ձյան շերտի տակ, ցածր ջերմաստիճանի պայմաններում: Թե ձմեռնամուտից առաջ Տավուշում ցանված արտերը հաջորդ տարի ինչքան բերք կտան, հայտնի կլինի 2019 թվականին: Անցյալ տարի Տավուշում ցանվել է 2560 հա աշնանացան, միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ:

Բերքատվության միջին ցուցանիշի վրա բացասաբար է անդրադարձել այն, որ սահմանամերձ Կոթի գյուղի հացահատիկի արտերը կարկտահարվեցին: Կոթիի կարկտահարված արտերի տերերին պետական բյուջեից փոխհատուցում կամ այլ օգնություն չի ցուցաբերվել: Վ. Սուքոյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ 27 բնակավայրերի հողագործներին ցանած ցորենի ամեն հեկտարի համար պետբյուջեից 60 հազար դրամ օգնություն է տրվելու:

Դա տրվելու է ցանելուց հետո, երբ համայնքների ղեկավարները տվյալներ ներկայացնեն իրենց համայնքներում ցանված ցորենի մասին: 2 տարի է, ինչ պետությունը հողագործներին զեղչված գնով հացահատիկի սերմացու, դիզելային վառելանյութ, պարարտանյութեր չի տրամադրում:




Լրահոս