Նա երեք տարեկանում սիրահարվեց. տարօրինակ սերը սողունների` մասնավորապես օձերի հանդեպ էր։ Տերարիումիստ Կարենը 28 տարի է` օձերի կնքահայրն է։
Փոքր տարիքում իր ընկերները բակի դոդոշներն ու գորտերն էին։ Բայց ինչն էր գրավում նրան` չի կարող ասել։ Տարիներ անց սկսեց աշխատել Երեւանի կենդանաբանական այգում։ Հիմա ղեկավարում է իր ընկերների մեծ ընտանիքը որպես ակվատերարիա բաժնի ղեկավար։
«Այս դաշտը վախենալու չէ։ 15 րոպե ու վերջ, յուրաքանչյուրը կարող է հաղթահարել վախը»,- ասում է եւ առաջարկում` օձերից մեկին վերցնեմ ձեռքս։ Միանգամից հրաժարվում եմ։ Նայում է վախեցած հայացքիս ու ծիծաղում. «չի կծի, թույնը հանած է»։
Շատերի ահ ու սարսափն են։ Կարենենց ընտանիքի անդամներն են եղել։ Համարձակ էր։ Տանը թունավոր օձեր էր պահում, մայրը դժգոհում էր, ոչինչ։
Կենդանու հետ աշխատելը բարդ է։ Կենդանի սիրելը եւ նրան խնամելը շատ են տարբերվում միմյանցից։ Նայել, շոյել բոլորն էլ սիրում են։ Վարագույրի մյուս կողմն էլ կա՝ դժվարություն, խնամք, չարչարանք։
«Մեր ժամանակներում մարդիկ նյութապաշտ են դարձել,կենդանիների հանդեպ սերը մի տեսակ վերացել է», – նշում է ցավով, արագ բռնում թեւի վրայով բարձրացող մողեսին ու դնում ակվարիումի մեջ։ «Սողունների խնամակալությունը մասնագիտություն չէ, նախասիրություն է։ Պետք է նրանց սիրես, որ կարողանաս հասկանալ կենդանուն»։
Վստահ է՝ կյանքում շատ ավելի դժվար բաներ կան։ Մասնագիտական դժվարությունները չնչին են։ «Սկսնակը միանգամից մասնագետ չի դառնում։ Դժվարին ճանապարհ է, պետք է հաղթահարել։ Պատմություն է,պետք է անցնել»։
Կարենի կարծիքով՝ օձերն ամենամաքուր կենդանիներն են։ Խայթում են, մեղքը մարդկանցն է։ Ծիծաղում է․«Եթե համեմատենք օձերին եւ մեքենաներին, մեքենաներն ավելի վտանգավոր են։ Եկեք Հայաստանի մասշտաբով վերցնենք վիճակագրությունը՝ քանի մարդ է մահանում վթարներից, եւ քանի մարդու են կծում ու խայթում օձերը։ Ամբողջ տարի կարող է մեկ կամ մի քանի օձի խայթոցի դեպք գրանցվել, վթարներից,- լռում է,- ինքներդ մտածեք»։
Իրականում օձ պահելը բացի կենսաձեւից նաեւ թանկ հաճույք է։ «Եթե կարող եք, պահե՛ք», -ասում է եւ ճանապարհում, իսկ ես, աչքերս ամբողջ ուժով փակած, դուրս եմ վազում։
Լիանա Ստեփանյան
4-րդ կուրս