Armenian text to speach

«ԲԵՆԹԼԻ» ՍԻՐՈՂ ՏԵՐՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հավանաբար շատերն են հիշում, թե ինչպես էր ժամանակին ՀՀ  Գերագույն Խորհրդի պատգամավոր Արշակ Սադոյանը վարչապետ Հրանտ Բագրատյանից պահանջում  պարզաբանել, թե որտեղից նրան այնքան գումար, որ  կարողանում է «Մարլբորո» սիգարետ ծխել: Այսօրվա իրավիճակում  նման հարցադրումն,   իհարկե,  ծիծաղելի  կհնչեր,  քանի  որ վարչապետերը, սադոյաններն ու սիգարետները փոխվել են:  Փոխվել են անգամ տերտերները: Եվ այն էլ որքա~ն: Օրինակ` Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը հայտնի է իշխանական  «տուսովկաներում» իր մշտական (առավել հաճախ անտեղի) մասնակցությամբ, վերջերս որոշել է ձեռք բերել «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա: Մոտ 200 հազար դոլար արժողությամբ այդ մեքենան, բնականաբար, ձեւակերպվել է որպես նվեր նրա սանիկի կողմից: Այն փաստը, որ բարձրաստիճան հոգեւորականն իրեն թույլ է տալիս երթեւեկել նման թանկարժեք մեքենայով մի երկրում, որի բնակչության  1/3-ը ծայրահեղ աղքատ է, արդեն իսկ կասկածի տակ է դնում  վերջինիս քրիստոնեավայել կենցաղն ու մտածողությունը:  Թեպետ  Կճոյանի դեպքում առանձնապես  զարմանալ պետք չէ, քանի որ հատկապես  ՀՀԿ քարոզարշավների ընթացքում քաղաքական հայտարարություններ անող փոխանորդը   արդեն վաղուց է, որ ընկալվում է ոչ թե որպես բարձրաստիճան հոգեւորական, այլ  ՀՀԿ անձնական օգտագործման տերտեր: Ուստի միանգամայն օրինաչափ է, որ հաճախ շփվելով իշխանական օլիգարխիայի հետ, Նավասարդ արքեպիսկոպոսը  մտածել է` «ումի՞ց եմ պակաս» ու որոշել, որ այսուհետ իր «կալիբրի» տերտերի համար անհարմար է «Մերսեդես»-ով շրջելը: Իրեն առնվազն «Բենթլին» է սազում:  Զարմանալի է սակայն այն, որ  «Բենթլի»-ի հարցով իրեն դիմած լրագրողին  Կճոյանը պատասխանել է. «Ո՞ւմ է դա հետաքրքրում: Ի՞նչ կապ ունի հասարակությունն իմ անձնական կյանքի հետ: Քո ինչինա՞ պետք` ես ինչ գույնի շոր եմ հագնում, քո ի՞նչ գործնա` իմ անձնական կյանքի մեջ ես մտնում»: Փաստորեն, ապագա կաթողիկոսի պոտենցիալ թեկնածու (Աստված երկար կյանք տա Գարեգին Բ-ին) արքեպիսկոպոսը չի երկնչում   հրապարակավ հայտարարել, որ ինքն անձնական կյանք, եւ, առավել եւս, ունեցվածք ունի:  Մինչդեռ, որքան գիտենք, հոգեւորականը, առավել եւս կուսակրոն արքեպիսկոպոսը,  իր երկրային կյանքն ամբողջությամբ  պետք է նվիրի Աստծուն  ծառայելուն: Սակայն, հաշվի առնելով Կճոյանի կերպարն ու գործունեությունն  ընդհանրապես եւ լրագրողի հետ խոսելու   ձեւը մասնավորապես, իրական հոգեւորականին բնորոշ  անանձնականություն, սակավապետություն եւ համեստություն հասկացությունները նրա դեպքում  դառնում են ծիծաղելի: Եվ ցավոք` ոչ միայն նրա:




Լրահոս